տուն Լուրեր Հաշմանդամությա՞ն, թե՞ տարիքային թոշակ. քաղաքացին՝ երկընտրանքի առջեւ

Հաշմանդամությա՞ն, թե՞ տարիքային թոշակ. քաղաքացին՝ երկընտրանքի առջեւ

171
0

Araratnews.am-ի խմբագրություն էին զանգահարել հաշմանդամություն ունեցող մի քանի քաղաքացի, որոնք դժգոհում էին կենսաթոշակի մասին օրենքից: Նրանց խոսքով՝ թոշակի տարիքի հասնելուց հետո պետք է ընտրեն կամ հաշմանդամության, կամ աշխատանքային թոշակը: «Ունենալով առողջական խնդիր եւ երկրորդ խմբի հաշմանդամություն՝ ամեն դեպքում 26 տարի աշխատել եմ, նաեւ ստացել եմ հաշմանդամության թոշակ։ Հիմա, երբ լրացավ 63-ս, եւ դիմեցի տարիքային կենսաթոշակի համար, ինձ ասացին ընտրի՝ կամ հաշմանդամության համար պիտի ստանաս, կամ տարիքայինի։ Բայց չէ՞ որ աշխատանքային ստաժս քիչ է, որովհետեւ ի վիճակի չեմ եղել աշխատելու, հիմա ինչու պետք է ստանամ մինիմալ չափով թոշակ, գոնե մի քիչ ավելի չլինի՞»,- դժգոհեց նրանցից մեկը:

Նրանք հիշեցնում են՝ Հայաստանը սոցիալական պետություն է, մինչդեռ այս օրենքը, իրենց կարծիքով, ամենեւին էլ սոցիալական չէ:

Զանգահարեցինք  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամության հիմնահարցերի  բաժնի պետ Աննա Հակոբյանին՝  պարզաբանում լսելու: Նրա խոսքով՝ նախարարությունն առաջնորդվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով՝ քաղաքացին պետք է ընտրի կենսաթոշակներից մեկն իր ցանկությամբ:

Պաշտոնյան հիշեցնում է՝ հաշմանդամություն ունեցող մարդն իրավունք ունի օգտվելու անվճար բուժօգնությունից, որոշ պարագաներ՝ քայլակ, սայլակ,  պրոթեզ ստանալ անվճար: «Հաշմանդամությունն անապահովությանը հավասար չէ: Հաշմանդամությունն ու աղքատությունը չպետք է  նույնացնել: Եթե մարդը սոցիալապես անապահով է, կան  անապահովության համար սոցիալական տարբեր փաթեթներ սննդի, հագուստի տեսքով»,-  մանրամասնեց  ոլորտի պատասխանատուն:

Մեր դիտարկմանը, թե հաշմանդամություն ունեցող անձը մյուս կարիքների՝ սննդի, կոմունալ վճարների համար պետք է վճարի, սակայն  ո՛չ հաշմանդամության, ո՛չ  աշխատանքային թոշակը բավարար չեն, Աննա Հակոբյանն ասաց. «Ես այս պահին որեւէ բան ասել չեմ կարող ասել:  Սա այնպիսի հարց է, որը նախարարությունն է քննարկում: Եթե որեւէ մեկից այդպիսի առաջարկ կգա նախարարություն, կքննարկենք»:

Հիշեցնենք՝ հաշմանդամության 1-ին խումբ ունեցողների թոշակը հաշվում են  նվազագույն կենսաթոշակի 140 տոկոսի, հաշմանդամության  2-րդ խմբինը՝ 120, 3-րդ խմբինը՝ 100 տոկոսի չափով:

«Հաշմանդամություն եւ ներառական զարգացում»  ՀԿ-ի ղեկավար Սիփան Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում դրական է համարում օրենքի այն դրույթը, որը հնարավորություն է տալիս քաղաքացուն ընտրել կենսաթոշակներից  մեկը: «Կան երկրներ, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդն աշխատելիս հարկեր է վճարում՝ կենսաթոշակ չի ստանում»,- հիշեցրեց Ասատրյանը:

ՀԿ-ի ղեկավարը, որը եւս ունի հաշմանդամություն, վստահեցնում է՝  քիչ դեպքեր կան, երբ հաշմանդամություն ունեցողը չի կարող աշխատել: Այլ հարց է, որ գործատուները, ըստ նրա, կարծում են՝ հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող աշխատել:

Հակադարձեցինք՝ վերոնշյալ հարցերի լուծումը ժամանակ է պահանջում, իսկ մինչ այդ հաշմանդամություն ունեցողը պետք է իր նվազագույն կարիքները հոգա: ՀԿ-ի ղեկավարը համամիտ է՝ մինչ այդ խնդիրների լուծումը հաշմանդամություն ունեցողը պետք է արժանապատիվ կենսաթոշակ ստանա:

Հ.Գ. Հետաքրքիր է՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության չափն ու չափորոշիչները որոշելիս Կառավարությունը հաշվի առե՞լ է հետեւյալը՝ իրականում ինչպես են հաշմանդամություն ունեցող մարդիկ օգտվում անվճար դեղորայքից, ինչպիսին է որակը: Եթե հաշմանդամություն ունեցող անձը անվճար բուժօգնության, պարագաների կարիք չունի, եւ նրան պետք է այն, ինչը ներառված չէ անապահովության փաթեթում, ինչպե՞ս է այդ հարցը լուծելու: Գործատուի՝ հաշմանդամություն ունեցողին աշխատանքի չընդունելու կարծրացած մտածողությունը, «կեղծ» հաշմանդամների ցուցակները, երեւի թե, գաղտնիք չեն: Իսկ պետությունը դեռ պնդում եւ առաջնորդվում է այսպես ասած եվրոպական չափանիշներով, որի «զոհը» տվյալ դեպքում դառնում է իրոք կարիքավորը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here