տուն Հասարակություն Առողջապահություն Հայ համայնքի շրջանում չենք ունեցել մեծ քանակությամբ վարակվածներ. բացառիկ հարցազրույց Իսպանիայում բնակվող...

Հայ համայնքի շրջանում չենք ունեցել մեծ քանակությամբ վարակվածներ. բացառիկ հարցազրույց Իսպանիայում բնակվող հայազգի բժիշկ Տիգրան Չալաբյանի հետ

231
0

Իսպանիան այն երկրների ցանկում է, որտեղ կորոնավիրուսի հետևանքով տուժածների թիվը, մեղմ ասած, հուսալի չէ: Araratnews.am-ի բժիշկների հետ զրույցների շարքի հերթական հերոսը Իսպանիայում ապրող հայազգի բժիշկ Տիգրան Չալաբյանն է:

Տասներեք տարի է՝ ինչ բժիշկ Տիգրան Չալաբյանն ապրում է Իսպանիայում` Բարսելոնայից ոչ հեռու։ Նա աշխատում է Բլանես քաղաքի շրջանային հիվանդանոցի արտակարգ բուժօգնության բաժանմունքում, որը  համարվում է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունք. այնտեղ օգնում են ծանր հիվանդներին`ցուցաբերելով առաջին բուժօգնություն:

Իսպանիայում առաջին կորոնավիրուսով հիվանդը հայտնաբերվեց հունվարի 31-ին, և անմիջապես միջոցներ ձեռնարկվեցին պացիենտի մեկուսացման համար, սակայն հետո պարզ դարձավ, ինչպես Իսպանիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի համաճարակային ծառայությունները մեկ  քայլ հետ են համաճարակից` չկարողնալով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել համավարակի դեմ:

«Մեր հիվանդանոցի, ինչպես նաև Կատալոնիայի ինքնավար մարզի գրեթե բոլոր  հիվանդանոցների համար շատ մեծ շոկ էր այս քանակի հիվանդների հոսքը: Պետք է ասել, որ վարակված մարդու օրգանիզմն ինքն է սկսում պայքարել իր թոքերի դեմ, ինչն էլ դժվարացնում է դեղորայքի ստեղծումը: Այս պահին աշխատում ենք համեմատաբար հանգիստ պայմաններում, որովհետև պիկը, կարծում ենք, անցել ենք: Իսպանիան էլ է գտնվում արտակարգ դրության մեջ: Եվ այստեղ էլ մարդիկ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ են»,- պատմում է հայազգի բժիշկը:

Քաղաքը, որտեղ բնակվում է բժիշկ Տիգրան Չալաբյանը, Լոռեդ դե Մառն է` 45000 բնակչությամբ, համարվում է զբոսաշրջային կենտրոն. «Մեր քաղաքի հայ համայնքը այնքան էլ մեծ չէ: Թվով մոտ հիսուն ընտանիք է բնակվում: Բարեբախտաբար չենք ունեցել հայ համայնքի շրջանում մեծ քանակությամբ վարակվածներ: Կորոնավիրուսով ընդամենը երկու անձ է վարակվել: Երկուսն էլ անցել են կարանտինային փուլը և չեն ունեցել շնչառական ծանր ախտանիշներ, հիմա էլ իրենց շատ լավ են զգում:

Բարեբախտաբար, մեր ընտանիքն էլ, ինչպես այս քաղաքի 99 տոկոսը, գտնվում է տանը: Աշխատողներից միայն ես եմ, որ կարողանում եմ դուրս գալ և գնալ աշխատանքի: Մենք էլ չենք ունեցել ախտանիշներ, չնայած որ իմ աշխատանքի հետ կապված պետք է, որ լիներ: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենը բավականին ծանր է անդրադառնում հատկապես երեխաների հոգեբանության վրա: Այստեղ ապրիլի 27-ից երեխաներին կթույլատրվի երկու ժամով ծնողների հետ դուրս գալ փողոց`հստակ ժամանակացույցով, ըստ տարիքային խմբերի»:

Իսպանիայում ապրող և տեղաբնակներին օգնություն ցույց տվող հայազգի բժիշկն այս պահին համաճարակին հաղթելու ելքը տեսնում է կանոնների պահպանման, ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության պահպանման մեջ.

«Այս պահին բոլորին հետաքրքրում է, թե երբ ենք գտնելու վիրուսիդեմ  դեղամիջոցը: Սակայն դեռևս շուտ է ասել, որովհետև պատվաստանյութ չենք ունենա մինչև 21 թվականը:

Առայժմ միակ միջոցը մեկուսացումն է, որը բավականաչափ օգնեց բժիշկներին: Երկրորդը` հիգիենայի տարրական կանոնների պահպանումը: Շատ են նաև վիրուսի ծագման մասին կարծիքները: Մի մասը կարծում է, թե վիրուսը եղել է վաղուց, մյուս մասը՝ թե սա արհեստական ստեղծված վիրուս է:

Մեծ է նաև մարդկանց վախը: Թե՛ լրատվամիջոցներից եկող տեղեկատվությունը, թե՛ հիվանդանոցներում տիրող վիճակը չեն թողնում մարդկանց հավասարակշռված գնահատել իրավիճակը: Խոսքը վերաբերում է նաև կառավարություններին, քանի որ վիրուսը ուսումնասիրված չէ`ծագումը, փոխանցման ճշգրտությունը և այլն»:

Բժիշկ Տիգրան Չալաբյանը կարևորում է հիգիենիկ դիմակների և վիրուսից պաշտպանության մյուս միջոցների  օգտագործումը։ Դրանք զսպում են համաճարակի տարածումը: Բժիշկը ինչպես Իսպանիայում, այնպես էլ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին վստահեցնում է, որ անպայման կգտնեն վիրուսի դեմ պայքարելու և հաղթելու միջոցը` հնարավոր ամենակարճ ժամկետներում:

Հայկ Մագոյան