տուն Հասարակություն Հայ գիտնականների աշխուժացում՝ կորոնավիրուսի օրերին. գուցե պատվաստանյո՞ւթ էլ ստեղծեն

Հայ գիտնականների աշխուժացում՝ կորոնավիրուսի օրերին. գուցե պատվաստանյո՞ւթ էլ ստեղծեն

380
0

Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարվա մարտի 16-ից ապրիլի 14-ը  Հայաստանում հայտարարել են արտակարգ դրություն:

Թվում էր՝  իշխանությունը չի կարողանա արտակարգ դրության օրերին վերահսկել իրավիճակը, չի կարողանա լուծումներ գտնել, սակայն եղավ հակառակը:

5 աստղանի հյուրանոցում մեկուսացողներին տեղավորելուց մինչեւ սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք, թերեւս, այս օրերին հանրության ուշադրության կենտրոնում են ամենից շատ:

Սակայն մի տենդենց եւս նկատելի է վարակի տարածման այս օրերին՝ Հայաստանի գիտական միտքը եւս աշխուժացավ:

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանում հնարավոր է սկսվի կորոնավիրուսի թեստերի արտադրություն: Հայաստանում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը եւս դա չէր բացառել: Թեստերի արտադրության նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են 4 լաբորատորիաների շուրջ երկու տասնյակ գիտաշխատողներ։

Մեկ նորարարություն եւս, որը կարծես լայն ուշադրության չարժանացավ. հայ գիտնականները կորոնավիրուսի օրերին ստեղծել են մի նյութ, որով ախտահանում են մոլեկուլային ինստիտուտի տարածքը: Ախտահանիչը հոտ չունի, վտանգավոր չէ հրդեհի կամ այլ առումով:

Բացի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից՝ Հայաստանի գիտական այլ ինստիտուտներ եւս աշխուժացել են, օրինակ՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որի աշխատակիցները եւս պատրաստ են աջակցելու պետությանը:

Ի դեպ, ռազմարդյունաբերության ոլորտում եւս առկա են հաջողություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ տեղեկացրեց՝ ռազմարդյունաբերական համալիրն արտադրել է գերժամանակակից արտադրանք, որը զրոյից հավաքել են Հայաստանում:

Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը գիտական մտքի այս տենդենցը բացատրում է գիտության ոլորտին տրվող կառավարության աջակցությամբ: «Նախորդ տարի մոտավորապես 400 մլն դրամից ավելի գումար է հատկացվել գիտությանը՝ գիտական նոր սարքավորումների ձեռք բերման համար: Բացի այդ՝ 1.5 միլիարդ դրամի չափով ավելացվել է կառավարության ֆինանսավորումը գիտությանը»,- հիշեցրեց օրենսդիր մարմնի անդամը:

Իսկ ի՞նչ էր կատարվում գիտական ոլորտում մինչեւ թավշյա հեղափոխությունը: Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցնում է՝ գիտնականների մեծ մասը մինչեւ հեղափոխությունը ֆինանս ստանում էր դրամաշնորհներից, ինչը խրախուսելի է, բայց կառավարությունն աստիճանաբար պետք է գիտության ֆինանսավորումն ավելացնի: «Երբ արտակարգ դրություն էր, հայտարարել եմ ԱԺ-ում, կառավարությունը լավ կանի՝  իջեցնի գիտական պատվերներ Հայաստանի գիտական կազմակերպություններին: Եվ դա եղավ»,- հիշեցրեց հանձնաժողովի փոխնախագահը:

Հիշեցնենք՝ ՀՀ  կառավարությունը հայտարարեց՝  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին ավելի քան կես միլիոն դոլար կտրամադրվի՝ տեղական թեստերի արտադրությունը կազմակերպելու համար։

Հնարավո՞ր է գիտական այս աշխուժության շնորհիվ նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծվի: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է՝ հայ գիտական ներուժը չպետք է թերագնահատել: Պարզապես պետք է գիտնականներին հավուր պատշաճի ուշադրություն դարձնել՝ թե՛ ֆինանսապես, թե՛ այլ եղանակներով: Պատգամավորի կարծիքով՝ անհրաժեշտ է խրախուսել հատկապես արդյունք ցույց տվող գիտնականներին:

Սոնա Դավթյան