տուն Հասարակություն Հայոց ցեղասպանության ականատես վերապրող Վերոնիկա Բերբերյանի վկայությունը

Հայոց ցեղասպանության ականատես վերապրող Վերոնիկա Բերբերյանի վկայությունը

190
0

Երբ սկսվեցին հայկական կոտորածները, Վերոնիկան հազիվ ինը կամ տասը տարեկան լիներ: Նրա պապիկը՝ Հակոբը, քահանա էր, թուրքերի և հայերի մեջ հարգված մի անձնավորություն: Հայրը՝ Գասպարը, քեման (ջութակ) էր նվագում, իսկ հորեղբայրը՝ Հարությունը, վարսավիր էր (բերբեր): Բալկանյան պատերազմի ժամանակ Վերոնիկայի հայրը զորակոչվեց թուրքական բանակ (1912-1913 թթ.), որտեղից նա վերադարձավ 1913 թ. ուշ աշնանը՝ Առաջին աշխարհամարտից մի քանի ամիս առաջ և նորից զորակոչվեց 1914 թ.-ին ու ծառայեց թուրքական բանակում որպես քյաթիփ (գրագիր) և թարգման մինչև 1920 թ.: 1920 թ. նա լինում է Կարաբեքիրի բանակում, որի զորամասերի հետ միասին հայտնվում է Նախիջևանում և այնտեղ էլ մնում է ու չի վերադառնում Թուրքիա: Սակայն մինչև իր ընտանիքի հետ հանդիպումը պիտի անցներ ևս 5 տարի, որպեսզի նրա ընտանիքի անդամները հաստատվեին Խորհրդային Հայաստանում և գտնեին իրենց աստանդական հայրիկին:

Ամենասոսկալի կոտորածներից մեկը տեղի ունեցավ Յոզղատի գավառում, որը մեծ մասամբ հայաբնակ էր: Ի տարբերություն մյուս բնակավայրերի հայությանը, որը տեղահանվեց և ոչնչացվեց Դեր Էլ Զոր ընկած ճանապարհին, այստեղ որոշվել էր տեղում կոտորել հայերին: Այն իրականացնում էր հետագայում Քյուչյուք անվանումը ստացած Բողազլըյանի կայմակամ Քեմալը, ով երիտթուրքական կուսակցության անդամներից էր և եկավ փոխարինելու իր նախորդին 1915 թ. գարնանը: Ընդունված կարգի համաձայն նոր կայմակամի ընդունելությանը գնում էին տեղի թուրք և հայ համայնքի մեծավորները: Այդ ընդունելությանը ներկա էր նաև Վերոնիկայի պապը՝ Տեր Հակոբ քահանա Բերբերյանը, ով վերադառնալով ընդունելությունից հայտարարել էր. «Նման երիտասարդ գայմագամ ես առաջին անգամ եմ տեսնում, սա հայերի գլխին մի փորձանք չբերի, քանի որ շատ է ջահել ու տաքարյուն…»: Մեկ շաբաթ անց Իբրահիմ բեյը և կայմակամ Քեմալը որպես հարգանքի նշան այցելեցին Տեր Հակոբ քահանային: Սակայն այն ոչ թե հարգանքի, քաղաքավարության այց էր, այլ՝ հետախուզություն: Նրանք թաքուն արդեն արական սեռի չափահասների ցուցակներն էին կազմում, ավելի ճիշտ ճշգրտում: Կայմակամ Քեմալը սկսեց հետաքրքրվել և հարցեր տալ Հակոբ քահանայի 15 ամյա որդուն՝ Խաչերին: Վերջինիս տված խելացի պատասխանները, բնականաբար, ոչ թե ուրախություն պատճառեցին կայմակամին, այլ ավելի ամրապնդեցին նրա համոզմունքը թուրք ժողովրդի պոտենցիալ մրցակից հայերին իսպառ ոչնչացնելու հարցում: Մեկ օր անց տրվեց հրաման հայերին զորահավաքի ենթարկելու մասին: Զարմանալին այն էր, որ բանակ կանչված հայերի մեջ կային հաշմանդամներ, որոնք նախկինում սովորաբար չէին կանչվում զինվորական ծառայության: Զորանոցում տեղավորելիս հայերին զատում էին թուրքերից, որի առնչությամբ Տեր Հակոբ քահանան ներկայանում է հազարապետին և ուշադրություն է հրավիրում այդ փաստի վրա: Քահանայի հարցին, թե ինչու են հայերը զատվում թուրքերից, հազարապետը պատասխանում է, որ հայերն ուղարկվում են ճանապարհների շինարարության վրա աշխատելու, իսկ թուրքերը՝ ռազմաճակատ՝ ռուսական բանակի դեմ կռվելու:

Այդ օրը շաբաթ էր: Կիրակի առավոտյան սկսեցին լուրեր տարածվել, որ զորանոցներում փակված հայ տղամարդկանց տարել ու մորթոտել էին ջրաղացի ձորում: Տեղի ունեցան նոր կալանավորումներ, որոնց մեջ էր նաև Վերոնիկայի պապը: Վերոնիկա Բերբերյանը իր հուշերում այդ օրերի մասին գրում է. «Մենք արտաքին աշխարհից կտրված էինք արդեն մի քանի ամիս: Կտրված էին հարևան գավառների միջև եղած ճանապարհները, որպեսզի հարևան կամ այլ գավառներում կատարված ջարդերի մասին ոչինչ չիմանար մյուս բնակավայրի հայությունը: Մեր քաղաքը շուտով ողողվեց ժանդարմներով ու զարմանալիորեն բաշիբոզուկ ու քրեական տարրերով, հարևան գյուղի թուրք բնակիչներով: Սկսվեց տղամարդկանց որսն ու թալանը: Երեկոյան հայ տղամարդկանց կապկպված ձեռներով, մեծ մասամբ զույգ-զույգ, տարան քաղաքից դուրս Ղարաղոչ կոչված ձորի պռունկը և սկսեցին կացիններով մորթոտել, գլխատել նրանց: Մորթոտելուց առաջ մերկացնում էին նրանց, կողոպտում նրանց մոտ եղած դրամն ու զարդերը և ապա ամեն ոք, ըստ իր ճաշակի, սկսում էր հոշոտումը՝ մանգաղներով, մսի մեծ տապարներով, դաշույներով, կացիններով, սվիններով և անգամ քարերով՝ ջախջախելով գանգերը: Փամփուշտը խնայվում էր, և միայն արտակարգ դեպքերում էին գործածում այն. չէ՞ որ փամփուշտը փող արժեր: Երկուշաբթի առավոտյան բանտերից հանվեցին նաև հայ մտավորականները, մեծավորները քահանա պապիկիս գլխավորությամբ և իսպառ ոչնչացվեցին նույն եղանակով, նույն վայրում: Հետագայում նույնիսկ թուրք ականատեսները առանց ամոթի և խղճի խայթի պատմում էին իրենց «քաջագործությունների» մանրամասները, թե ինչպես են փափազի գլուխը պատանիները գնդակի փոխարեն տշել, թե ինչպես են փափազի մորուքը հրդեհել և ծաղրել, թե ու՞ր է քո աստվածը, խնդրի՛ր, որ քեզ փրկի այս վիճակից»:

Հետաքրքրական է, որ 1919-1921 թթ. Երիտթուրքերի դատավարությունների արդյունքում մահվան դատապարտվածներից Բողազլըյանի կայմակամ Քեմալը եզակի անձանցից էր, ով ենթարկվեց մահապատժի ՝ 1919 թ. ապրիլի 10-ին Ստամբուլի Սուլթան Բայազիդի հրապարակում: Սակայն, շուտով, 1922 թ. հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից հռչակվեց, այսպես կոչված, ազգի նահատակ:

Անդրադարձը՝  ՀՑԹԻ գիտաշխատող Սերինե Մուրադյանի