տուն Քաղաքական Վերլուծական Հակահեղափոխություն ԲՀԿ-ի մասնակցությամբ

Հակահեղափոխություն ԲՀԿ-ի մասնակցությամբ

267
0

qqqqq

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր «Փարավոն» հանդիսությունների տանը տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկո է կազմակերպել, որտեղ նվերներ է հանձնել վերջիններիս: Հատկանշական է, որ այս միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ում անունը շոշափվում էր նաև Սերժ Սարգսյանի հետնորդների ցուցակում:

Այս միջոցառման բուն նպատակը, այսինքն լավագույն մարզիկների պարգևատրումը, դառնում է երկրորդական, երբ ուսումնասիրում ենք միջոցառման հրավիրյալների և մասնակիցների ցուցակը: Պատվավոր հյուրերի ամբողջությունը հստակ բնութագրում է ներկայումս գործող քրեաօլիգարխիկ համակարգի էությունը: Գագիկ Ծառուկյանի և առկա վարչախմբի ուղղակի կախվածության ավելի հստակ ապացույց, քան Վիգեն Սարգսյանի մասնակցությունը այս միջոցառմանը՝ չէր էլ կարելի պատկերացնել:

Նման իրավիճակում առնվազն անտեղյակություն կամ կանխամտածված մանիպուլյացիա է Գագիկ Ծառուկյանին և վերջինիս ղեկավարած քաղաքական ուժին Սերժ Սարգսյանի վարչախմբին հակադրելը: Ոչ մի բան չի խոսում այդ մասին, ավելին հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը չի վարանում Սերժ Սարգսյանին դիմավորել կամ ճանապարհել Զվարթնոց օդանավակայանից՝ վերջինիս արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ:

Ռեժիմի հետ բազմաթիվ տնտեսական, բարեկամական (Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական և այլն) կապերի մեջ գտնվող այս անձը և իր ձևավորած քաղաքական ուժը, ուղղակի չեն կարող դուրս գալ այդ նույն ռեժիմի դեմ, եթե, իհարկե, նման գործընթացները հենց այդ ռեժիմի հետ պայմանավորվածության արդյունք չեն: Նման քայլի կարող է դրդել նաև այնպիսի իրավիճակի ստեղծումը հանրապետությունում, որ այս նախկին (զուտ տերմինի դասական ձևակերպումից ելնելով) օլիգարխը վտանգ զգա սեփական կապիտալի և անվտանգության նկատմամբ, ինչն էլ կդրդի փախչել ռեժիմի տակից: Սա էլ կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ռեժիմին հակադրվող ուժը հստակ երաշխիքներ կտա վերջինիս:

Այսօր չկա ոչ այն իրավիճակը, որի դեպքում ԲՀԿ-ն կլքեր Սերժ Սարգսյանին, ոչ էլ ներքին (հայաստանածին) այն ուժը, որը կտա երաշխիքներ: Այդպիսի երաշխիքներ ներկայումս կարող է տրվել արտաքին ուժերի կողմից, և միայն այդ պարագայում Գագիկ Ծառուկյանը կհամարձակվի ընդդիմանալ սերժսարգսյանական վարչախմբին: Նման իրավիճակի նշույլներ ներկայումս կան՝ կապված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի և հայ-ռուսական համաձայնագրերի հետ: Սակայն, Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը Սերժ Սարգսյանի ճանապարհման կամ դիմավորման արարողակարգերին, վերջինիս ամենահավատարիմ ու վստահելի անձանցից՝ Վիգեն Սարգսյանի մասնակցությունը Գագիկ Ծառուկյանի կազմակերպած միջոցառումներին, ցույց է տալիս, որ առկա դիմադրությունը ընդամենը փոխադարձ պայմանավորվածության արդյունք է՝ հավանաբար նաև՝ արտաքին «միջնորդի» մասնակցությամբ:

Սրան եթե հավելենք դաշտում այս միջոցառման մյուս մասնակցի՝ ԲՀԿ-ի կնքահայր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, ապա շատ ավելի հստակ է դառնում, թե ինչպիսի փոփոխություն կարող է ակնկալել հայաստանյան հանրությունը ապագա «իշխանափոխության» արդյունքում: Իսկ նման զարգացումները, կարծես, սարերի հետևում չեն, հակահեղափոխական սցենարն էլ գրեթե պատրաստ է:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here