տուն Լուրեր Կառավարությունն ասում է՝ դուք օդի մեջ փող եք տվել. «Տոնուս»-ից տուժածների ճակատագիրը...

Կառավարությունն ասում է՝ դուք օդի մեջ փող եք տվել. «Տոնուս»-ից տուժածների ճակատագիրը դեռևս անհայտ է

100
0

BX9HC9gPvQ1XqL2LT8JSk6Jt0C

Araratnews.am-ը հայտնել էր, որ Մարտի 12-ին «Տոնուս» ընկերությունից տուժած մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին նախագահ Սերժ Սարգսանի կեցավայրի դիմաց՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Այսօր Araratnews.am-ը կրկին զրուցել է բնակիչներից մեկի՝ Աննա Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե  ինչ ընթացք է ստացել իրենց բարձրացրած խնդիրը:

Մեզ հետ զրույցում բնակչուհին ասաց, որ «Արցախբանկի» ներկայացուցիչները մեկնել են Շվեյցարիա՝ հանդիպելու «Արցախբանկի» սեփականատերերի հետ և դեռևս չեն վերադարձել:

«Չգիտեմ, թե երբ է գնացել, բայց ակնկալում ենք, որ մինչև ապրիլի 15-ը վերադառնա և մեզ պատասխան տա: Մեր, այսպես ասած, գուշակումներով՝ իրենք գնացել են սեփականատերերին խնդրի հետ ծանոթացնելու և որոշում կայացնելու: Ինձ թվում է՝ կառավարությունը իրենց ինչ-որ բան խոստացել է կամ առաջարկել՝ մեր այդ բեռը թեթևացնելու նպատակով: Իրենք մեզ առաջարկել էին, որպեսզի հասցնեինք ք/մ-ը 900 ԱՄՆ դոլարի, որպեսզի իրենք շենքը ավարտեին, տային մեզ»,- ասում է նա:

Մինչդեռ, ըստ Աննա Մկրտչյանի՝ իրենք բնակարանները ձեռք են բերել` ք/մ-ի համար վճարելով 450-650 ԱՄՆ դոլար: Նոր առաջարկից շենքի բնակիչները հրաժարվել են, քանի որ իրենք արդեն վճարել են պայմանագրով սահմանված արժեքը:

«Հիմա մեր բնակիչներից երկուսը Արաբկիրի դատարանում էդ գրավի պայմանագիրը վիճարկում են հիմա սնանկության դատավարությունը կասեցվել է: Վճռից է կախված՝ հետագա քայլերը: Եթե մեզ հարմար տարբերակ չառաջարկեն, մենք այլ քայլերի կդմենք: Եթե մենք դիմել ենք մեր երկրի բոլոր ատյաններին ու ոչ ոք չի պաշտպանում Հայաստանի քաղաքացու սեփականության իրավունքը: Չէ՞ որ կառուցապատողը գործունեություն ծավալել է Հայաստանի Հանրապետության մեջ: Պետք է հսկող լիներ, թե ինքը ինչ աշխատանք է կատարում: Իսկ մեր կառավարությունն ասում է՝ դուք օդի մեջ փող եք տվել, առանց տունը տեսնելու ինչի՞ եք գնացել պայմանագիր կապել»,- ասում է Աննա Մկրտչյանը:

 

Անի Պետրոսյան