տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Լիմֆոմա

Բժշկի անկյուն. Լիմֆոմա

384
0

113_1384

Լիմֆոմա է կոչվում այն  հիվանդությունը, որի դեպքում ախտահարվում է  լիմֆատիկ համակարգը: Հենց այդ համակարգն է  պատասխանատու  ավիշի շրջանառության ու մաքրման, ինչպես նաև` լիմֆոցիտների տեղաշարժի համար: Լիմֆատիկ համակարգի դերը օրգանիզմը զանազան ինֆեկցիաներից պաշտպանելն է:

Հիվանդության առաջացումը

Լիմֆոմայի դեպքում ավշային մեկ կամ մի քանի  հանգույցներում ուռուցք է գոյանում: Դեռևս  հստակ պարզված չէ, թե որն  է լիմֆոմայի առաջացման պատճառը, սակայն գիտականորեն հիմնավորված ապացույցներ կան, որ որոշ գործոններ մեծացնում են հիվանդանալու ռիսկը: Առաջին հերթին դա թույլ իմունիտետն է ու քրոնիկ բորբոքային հիվանդությունները:  Լիմֆոման  վարակիչ չէ:

Ախտանշանները

Լիմֆոման բնութագրվում է պարանոցին ու փորի վրա, անութներում ու աճուկային շրջանում ավշային հանգույցների մեծացմամբ:

Հիվանդությունը կարող է ուղեկցվել մաշկի վրա կարմիր բծերով, փորի շրջանում ցավով, սրտխառնուքով, հազով ու շնչահեղձությամբ:

Մի շարք ախտանշաններ կան , որ հատուկ են այս հիվանդությանը:

-գիշերային  առատ քրտնարտադրություն

-արագ ու անպատճառ քաշի կորուստ

— բարձր ջերմություն, հաճախ` գիշերվա ժամերին

-մաշկի վրա ցանի ու քորի առաջացում

— շուտ հոգնելը:

Ախտորոշումը

Լիմֆատիկ հանգույցների նույնիսկ թեթևակի մեծացման դեպքում հարկ է դիմել մասնագետի ու հետազոտվել:

Բուժումը

Բուժումն էապես կախված  է լիմֆոմայի տեսակից ու հիվանդության բարդությունից:  Լիմֆոմայի  որոշ  տեսակների դեպքում հատուկ  բուժում չի պահանջվում, սակայն հարկ է, որ հիվանդը բժշկի հսկողության տակ լինի ու ժամանակ առ ժամանակ ստուգվի: Սակայն, եթե ավշային հանգույցների մեծացումից բացի նաև ջերմություն է  լինում ու զգալի թուլություն, ապա պետք է անհապաղ  դիմել մասնագետի: Եթե լիմֆոման տեղային բնույթ  ունի, ապա կիրառվում է ռադիոթերապիա, այսինքն` ախտահարված ավշահանգույցների ճառագայթային բուժում, իսկ խորացված դեպքում` նշանակվում է  քիմիաթերապիա: