տուն Տնտեսական Իշխանի ավելի քան 300.000 մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ

Իշխանի ավելի քան 300.000 մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ

251
0

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։

Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։

Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ Վարդան Մելիքյանը հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ քննարկել է ձկնապաշարների հաշվառմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցեր։ Քննարկման ընթացքում շոշափվել են նաև խեցգետնի պաշարներին առնչվող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի անդրադարձ է եղել նաև ապօրինի ձկնորսությանը, որն էապես անդրադառնում է ձկնապաշարների նվազմանը։

Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի աշխատակիցները։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Դրա նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։