տուն Քաղաքական Հայաստան Ինչպես կանդրադառնա սպանդանոցային մորթը մսի գնի վրա. պարզաբանում

Ինչպես կանդրադառնա սպանդանոցային մորթը մսի գնի վրա. պարզաբանում

378
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2020 թ.  հունվարի 22-ին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ պարտադիր սպանդանոցային մորթի որոշումը կհետաձգվի մինչև հուլիսի մեկը, եթե պայմանավորվենք, որ այս թեմային հուլիսի երկուսից սկսած չենք անդրադառնալու:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում էլ փոփոխություն է կատարել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:

Էկոնոմիկայի նախարարը կառավարության նիստին հայտարարել էր, որ  սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ 30 կիլոմետր հեռավորության վրա տեղափոխման ծառայությունը կատարելու են անվճար, ապա առաջարկել էր լիզինգային ծրագրով ֆինանսավորել մարզերում սպանդանոցների կառուցումը:

Կառավարության ղեկավարը դեռևս տարեսկզբին ասել էր, որ կառավարությունը սպանդանոցների կառուցումը կխթանի պայմանով, որ մսավաճառ-ֆերմերները հուլիսից սկսած այլևս սպանդանոցային պարտադիր մորթի որոշումը քննարկման չդնեն:

«Ասֆալտի վրայից միս վաճառելը և այն հակահիգիենիկ պայմաններում վաճառելը պիտի բացառվի Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչպես կանդրադառնա սպանդանոցներում կենդանիների մորթը մսի գնի վրա:  Չէ՞ որ սպանդանոցներում մորթ կազմակերպելու և վաճառքն իրականացնելու արդյուքնում` անասնատերերը ֆինանսական կորուստներ են կրելու: Ինչն էլ, ըստ տրամաբանության, կբերի շուկայում մսի գնի բարձրացման:

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հաստատեց, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցում է կատարել պարտադիր սպանդանոցային մորթի:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ  Վարդուհի Հարությունյանի կարծիքով՝ մսի գինը չի կթանկանա: «Եթե հավասար սպանդանոցային մորթի ենք անցնում, ուրեմն այնտեղ խնդիր չի առաջանա: Այն գինը, ինչ վճարում են միս մորթողներին, ովքեր փողոցում միս են մորթում, նույն գնով կատարելու են նաև սպանդանոցները: Կարծում եմ` գնի առումով խնդիր առաջանալ չի կարող»,- ասաց Վարդուհի Հարությունյանը՝  շարունակելով. «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության տեսչությանը չպիտի հետաքրքրի` կթանկանա՞, թե չի թանկանա միսը: Մենք վերահսկողական մեր ֆունկցիան ենք կատարելու, և գնաճի կամ գները զսպելու ֆունկցիա մենք չունենք: Մենք միայն վերահսկու ենք սննդի անվտանգությունը: Նորմերի վերահսկողն ենք մենք, և անվտանգության հստակ նորմեր են սահմանված կառավարության որոշմամբ: Մենք այդ նորմերը պիտի պահպանենք:

Գնաճ կլինի, թե չի լինի` դա մեզ առանձնապես չպետք է հետաքրքրի: Բայց իրականում՝ այո, եթե բոլորը համատարած անցնում են սպանդանոցային մորթի, ապա գտնում եմ, որ որևէ թանկացում լինել չի կարող: Բացարձակապես, որովհետև նույն ծախսը նույն տրամաբանությամբ կատարվում է ավելի պատշաճ, ավելի մաքուր, ավելի սանիտարահիգիենիկ նորմերը ապահոված պայմաններում»,-հստակեցրեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետը:

Թե ինչպես կանդրադառնա սպանդանոցային մորթին անցնելը շուկայում մսի գնի վրա, ժամանակը ցույց կտա: Մնում է սպասել և տեսնել, թե որքանով են իրատեսական ենթադրությունները:

Հայկ Մագոյան