տուն Քաղաքական Ինչպես է ստացվել, որ պաշտոնյաների որդիները նույն զորամասում են ծառայում. փաստաբանը՝ «էլիտար»...

Ինչպես է ստացվել, որ պաշտոնյաների որդիները նույն զորամասում են ծառայում. փաստաբանը՝ «էլիտար» զորամասերի մասին

1216
0

Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են լրագրողական հետաքննությունը Արցախի «էլիտար» զորամասում բարձրաստիճան պաշտոնյաների, այնտեղ տիրող վարք ու բարքի մասին:

Araratnews.am-ը փաստաբան Նորայր Նորիկյանին հարցրեց՝ նախ ո՞ր կառույցը պետք է քննի հոդվածում տեղ գտած հանգամանքները, որ լինի անաչառ ու վստահելի քննություն: Փաստաբանի կարծիքով՝ դրական է, որ պաշտոնյաների որդիները Պաշտպանության բանակի ստորաբաժանումներում են ծառայում: «Հրապարակված նյութը ինձ մտահոգելու, զայրանալու առիթ է տվել: Ակնկալում ենք, որ զինվորական դատախազությունը, ռազմական  ոստիկանությունը եւ  ԶՈՒ ղեկավար կազմն արձագանքեն վերոնշված հրապարակմանը, ուսումնասիրեն տեղեկությունները, հերքեն կամ հաստատեն դրանք»,- մանրամասնեց փաստաբանը:

Նորայր Նորիկյանին զարմացրել է այն, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները հենց այդ զորամասում են հայտնվել: «Ինչպես է դա եղել, եթե վիճակահանություն է կատարվել, ինչ  բարքեր են տիրում»,- հարց է հնչեցնում փաստաբանը:

Արդյոք կլինի անաչառ քննություն վերոնշյալ հրապարակումից հետո, եթե նույն  հոդվածում գրված է՝ նույն զորամասում ամիսներ առաջ ինքնասպան եղած Արայիկ Ծատրյանի մահվան դեպքով 7 ամիս է՝ մեղադրյալներ չկան: Փաստաբանը պնդում է՝ իրավապահ համակարգում արմատական փոփոխություններ են պետք: «Եթե զորամասերում տեղի ունեցած ողբերգական դեպքերը բացահայտվեին, այսօր այսպիսի վստահության ճգնաժամ չէինք ունենա: Տարբեր քրեական գործերով վարույթները ցանկալի արդյունք չեն տալիս, մեղադրանք չի առաջադրվում»,- հայտարարեց պարոն Նորիկյանը:

Արդյոք պետք է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ շտաբի պետը եւ այլ պատասխանատու պաշտոնյաներ հրաժարական տան: «Նախարարը եւ ԶՈՒ շտաբի պետը թեւերը քշտեն, 24 ժամ աշխատեն, կոնկրետ արդյունք ցույց տան, որ խաղաղ պայմաններում որեւէ ողբերգական դեպք չլինի»,- ավարտեց իր խոսքը փաստաբան Նորայր Նորիկյանը:

Սոնա Դավթյան