տուն Քաղաքական Հայաստան Ինչու Ադրբեջանը սադրանք հրահրեց Տավուշում

Ինչու Ադրբեջանը սադրանք հրահրեց Տավուշում

165
0
Արմեն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար

Տավուշում հուլիսի 12-ին սկսված սահմանային ընդհարումն իր դրդապատճառների բնույթով նման էր 2016-ի ռազմական գործողություններին, սակայն այլ ընթացք ունեցավ՝ Հայաստանի անվտանգային համակարգում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունների շնորհիվ։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նավթի գնի տատանումների և սահմանային լարվածությունների միջև անմիջական կապ գոյություն ունի։ Որքան ցածր են ընկնում նավթի գները և որքան լուրջ են դրանից բխող հետևանքներն Ադրբեջանի տնտեսության վրա, այնքան մեծ  է սահմանային լարվածության աճի հավանականությունը։

Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ժամանակագրական առումով, նավթի գների անկումով պայմանավորված՝ Ադրբեջանում իրադարձությունները զարգանում են հետևյալ սցենարով. անկմանը հաջորդում են ֆինանսատնտեսական խնդիրները, սոցիալական վիճակի վատթարացումը, հանրային դժգոհության ուժգնացումը: Այնուհետև, համախմբվածության պահպանման, «ընդհանուր թշնամու» գաղափարի շուրջ կոնսոլիդացման ապահովման հրամայականով առաջնորդված և խուսափելու համար ներքին ապակայունացումից, ռազմաքաղաքական վերնախավն ավելացնում է պատերազմական հռետորաբանությունը: Վերջում իրադարձություններն ուղղորդվում են դեպի սահմանային լարում։

Դեպքերը նույն սցենարով են զարգացել թե՛ 2016-ի ապրիլին և թե՛ 2020-ի հուլիսին։ Նույնիսկ նավթի ամենացածր գնի և ռազմական գործողությունների սկսելու ժամկետի միջև հստակ փոխկապակցվածություն կա։ 2016-ի տարեսկզբից ադրբեջանական նավթն ամենացածր արժեքն է գրանցել հունվարի 21-ին, որից 2 ամիս 10 օր անց սկվսել են ռազմական գործողությունները: Ճիշտ նույն կերպ, 2020-ին ամենացածր գինն արձանագրվել է ապրիլի 22-ին, որից 2 ամիս 20 օր անց վերսկվսել են ռազմական գործողությունները։ Ի դեպ՝ ապրիլի գործողությունները սկվսել են շաբաթ օրը, իսկ հուլիսյան գործողությունները՝ կիրակի։ Երկու դեպքում էլ Իլհամ Ալիևը հանգստյան օր է ընտրել։

Ակնհայտորեն, Ադրբեջանի ռազմական վարքագիծը տատանվում է նավթի գներին զուգահեռ։ Դեռ մարտին սկսված նավթի գների անկումը նախանշել էր հուլիսյան սրացումները, որը շատ նման էր Ապրիլյան ռազմական գործողություններից առաջ Ադրբեջանի դրսևորած վարքագծին։ Անկմանը զուգահեռ, ինչպես նախկինում, սկսեց սրվել պատերազմական հռետորաբանությունը։

Այսպիսով, նավթի գործոնն Ադրբեջանի վարքագիծը հնարավորինս կանխատեսելի է դարձրել և հնարավորություն տվել մեծ ճշգրտությամբ կռահել վերջինիս գործողությունները։ Տավուշյան սրացմանն ընդառաջ Իլհամ Ալիևն անձամբ, բանակցային գործընթացն «անիմաստ» անվանելով, Մինսկի խմբին խիստ քննադատության ենթարկեց և ռազմական սադրանքի ազդակ ուղարկեց։ Դրան հետևեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցն առաջին գիծ, որտեղ վերջինս սպայական կազմին կոչ արեց սպասել նախագահի հրամանին և պատրաստ լինել գնալ մինչև վերջ։ Հատկանշական է, որ Հասանովը տեղական լրատվականներից մեկին տված հարցազրույցում բողոքել էր Արցախի ուղղությամբ առաջնագծի ամբողջ երկայնքով տեսադիտարկման սարքերի առկայությունից, որի փաստն անհնարին է դարձրել հանկարծակի գործողությունների ձեռնարկումը: Այդ հայտարարությունից կանխատեսելի էր դարձել նաև այն, որ Ադրբեջանն այլ թիրախ էր ընտրելու։

Իսկ ինչո՞ւ հուլիսյան գործողությունները նույն ընթացքը չունեցան, ինչ նախկինում։ Նախ՝ հեղափոխությունը հիմնարար ձևով փոխել է Հայաստանի կառավարման համակարգի կարողությունները։ Հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու մեր կարողությունները, և ժամանակին կանխատեսվել են վերջինիս գործողությունները։ Բացի դրանից, վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերում կատարված բարեփոխումները, ինչպես նաև աննախադեպ քանակի ժամանակակից սպառազինության ձեռքբերումը թույլ են տվել նոր հզորություններ զարգացնել՝ կտրուկ ավելացնելով մեր ռազմական կարողությունները։ Հայկական կողմի առավելություններին գումարվում են հանրային վստահությունը վարչապետի և իշխող քաղաքական թիմի նկատմամբ, ինչպես նաև կառավարման ողջ համակարգի կուռ աշխատանքը, ինչի արդյունքում Ադրբեջանի սադրանքներն այլ վախճան են ունեցել, քան նախկինում։

Ադրբեջանական զինված ուժերը, հանդիպելով հայկական բանակի դիմադրությանը, կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել: Պարտություն է արձանագրվել նաև դիվանագիտական հարթությունում: Եթե ի սկզբանե միջազգային հանրության մոտ առկա էր միայն վստահությունը, թե Ադրբեջանի շահերից էր բխում ռազմական գործողությունների նախաձեռնումը, դրան գումարվեց նաև Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու և գլոբալ աղետ ստեղծելու՝ Բաքվից պետական մակարդակով հնչող սպառնալիքը՝ զգալի հարված հասցնելով իրենց իսկ վարկանիշին:

Ստեղծված ծանր իրավիճակն Իլհամ Ալիևին ստիպեց հանրային աջակցություն գտնելու փորձ նախաձեռնել. վերջինս Բաքվում երթ արտոնեց, որը շատ արագ վերածվեց բողոքի ցույցի։ Չկարողանալով համախմբել հանրությանը՝ Ալիևն իր դեմքը փրկելու համար կրկին սահմանին սադրանք կազմակերպեց, որի արդյունքում ծանր պարտություն կրեց և ստիպված եղավ նահանջել։

Ալիևի արկածախնդրությունը լիակատար ֆիասկո է կրել, իսկ պատմությունը, ինչպես գիտենք, ապացուցել է բռնապետերի կառավարման տևողության հակադարձ համեմատական կապը ռազմի դաշտում կրած ձախողումների հետ:

Իհարկե ռազմական գործողություններ սկսելուց հետո Ադրբեջանն այլ նպատակներ էլ է ունեցել։ Ալիևը փորձել է տարածաշրջանի խաղացողներին նույնպես ներքաշել պատերազմի մեջ: Հնարավոր հաջողության դեպքում հեռահար այլ նպատակներ էլ կարող էր ունենալ, սակայն ռազմական գործողությունները սկսելու հիմնական պատճառն է հանդիսացել նավթի գների անկումը՝ դրանից բխող հետևանքներով: