տուն Տնտեսական Ինչու՞ է անշարժ գույքի շուկայում ակտիվությունը սահմանափակված. պարզաբանում է ԿԲ-ն

Ինչու՞ է անշարժ գույքի շուկայում ակտիվությունը սահմանափակված. պարզաբանում է ԿԲ-ն

274
0

անշարժ գույք

«Ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի ակտիվության աճի տեմպերը 2013-ին դանդաղել են: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած ֆինանսական կայունության 2013թ հաշվետվության մեջ: Պատճառներից մեկը (բայց ոչ գլխավորը), ըստ ԿԲ-ի  բնակելի շենքերի գործարկման ծավալների նվազումն է: Այսպես, 2013 թ. դիտարկվել է շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալների 4.3%-ով նվազում՝ պայմանավորված կազմակերպությունների և պետական բյուջեի հաշվին գործարկված ծավալների կրճատմամբ: Բնակչության միջոցների հաշվին բնակելի շենքերի գործարկման ծավալները շարունակաբար աճել են, ինչի շնորհիվ շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալների նվազման տեմպերը դանդաղել են: «Կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալների կրճատումը զուգակցվել է բանկերի կողմից բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված վարկերի 5.5% նվազմամբ: Միաժամանակ, 8.7 տոկոսային կետով աճել է այդ վարկատեսակի գծով վարկային ռիսկը և կազմել 11.1%»,- ասված է ԿԲ հրապարակման մեջ:

Սակայն շուկայի ակտիվության սահմանափակվածությունը, ըստ ԿԲ-ի, ավելի շատ կապված է ոչ թե նոր բնակարանների թվի, այլ բնակչության ցածր եկամուտների հետ: «Մասնավորապես, անշարժ գույքի շուկայի ակտիվությունը սահմանափակող հիմնական գործոնը վճարունակ պահանջարկի ցածր մակարդակն է՝ պայմանավորված բնակչության եկամուտների ցածր մակարդակով: Այս տեսանկյունից էական նշանակություն ունեն ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկերը, որոնք կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 6.1%-ը: Պահանջարկի ակտիվացման տեսանկյունից դրական նշանակություն ունի 2008թ.-ից ի վեր արձանագրվող հիփոթեքային վարկերի ժամկետայնության աճը, քանի որ այն նպաստում է վարկառուների պարտքի բեռի հարաբերական նվազմանը, ինչն էլ իր հերթին դրական է անդրադառնում հիփոթեքային վարկերի հասանելիության վրա:

Հարկ է նշել, սակայն, որ անշարժ գույքի հետագա ակտիվացման վրա իր բացասական ազդեցությունն ունի անշարժ գույքի շուկայի բարձր կենտրոնացվածությունն ըստ մարզերի, քանի որ դա սահմանափակում է հիփոթեքային վարկավորման հետագա ընդլայնումը»,- ասված է հետազոտության մեջ:

Հայկ Մանուկյան