տուն Քաղաքական Հայաստան «Իմ քայլն» առաջարկում է ընդլայնել պատգամավորական էթիկան քննող հանձնաժողովի լիազորությունները և նախատեսել...

«Իմ քայլն» առաջարկում է ընդլայնել պատգամավորական էթիկան քննող հանձնաժողովի լիազորությունները և նախատեսել կարգապահական պատասխանատվության միջոց

343
0

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում պատգամավորական էթիկայի հարցերը քննող հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող փոփոխություններ: Գործող օրենքով` էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է, այն կարող է ստեղծվել կոնկրետ միջադեպը քննելու նպատակով, որի գործունեության ժամկետը մինչև երկու ամիս է: Առանցքային փոփոխություններից է այն, որ ԱԺ նախագահը, էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց կարող է կիրառել պատգամավորի նկատմամբ:

Առաջարկվող փոփոխությունները

Ըստ նախագծի` էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ, ապա ԱԺ որոշմամբ և գործում է մինչև նույն գումարման խորհրդարանի հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է խորհրդարանի որոշմամբ:

Խմբակցությունն էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք, հանձնաժողովի նախագահը և տեղակալը նշանակվում են էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդիվ զբաղեցնելու իրավունքը պատկանում է մեծաթիվ ընդդիմադիր և կառավարող խմբակցություններին:

Հանձնաժողովի լիազորությունները

Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու, պատգամավորի շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պահանջները չկատարելու վերաբերյալ:

Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

1) դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:

2) դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը, ինչպես նաև այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ յոթերորդ գումարման խորհրդարանի երեք նստաշրջանների ընթացքում պատգամավորական էթիկան քննող որևէ ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել:

«7-րդ գումարման 3 նստաշրջանների ընթացքում ԱԺ-ն որևէ էթիկական հարցի չի անդրադարձել, որևէ վարույթ չի իրականացրել: Դա այն պարագայում, երբ մի քանի առանցքային հարցերի շուրջ խորհրդարանական քննարկումները չափազանց բուռն ընթացք են ունեցել` ուղեկցվելով էթիկական նորմերի խախտումներով կամ այնպիսի դրսևորումներով, որոնք առնվազն պատգամավորի վարքականոնի խախտման հավանականության առումով քննարկման առարկա կարող էին դառնալ»,-նշվում է նախագծում:

Ըստ քաղաքական մեծամասնության` էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքով վարույթի հարուցումը քաղաքականացված է` ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ տալու մոտեցմամբ պայմանավորված: Նշվում է, որ գործող օրենքով հանձնաժողովի գործունեության արդյունքում կազմված եզրակացությունը որևէ կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցի չի հանգեցնում և ընդամենը տեղադրվում է խորհրդարանի կայքում:

Նախագծում նշվում է նաև միջազգային փորձի մասին, ըստ որի եվրոպական զարգացած երկրներից շատերում գործում է պատգամավորական էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով: Նշվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Բարեվարքության կանոնների հանձնաժողովի մասին, որի դեպքում լուրջ կամ կրկնակի էթիկայի խախտումներ կատարելու դեպքում նախագահը կարող է ձեռնարկել մեկ կամ մի քանի միջոցառում` խոսքի իրավունքի ժամանակավոր զրկում, միջնորդություն ստորագրելու իրավունքի ժամանակավոր զրկում:

Նշենք, որ նոր կարգավորմամբ երկարացվել է էթիկայի հարցերով հանձնաժողովի գործունեության ժամկետը, ընդլայնվել դիմողների դիմողների շրջանակը, հստակեցվել դիմումին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը: Ըստ նախագծի համահեղինակների` այս կերպ հնարավոր կլինի էթիկայի հարցերով հանձնաժողովը դարձնել առավել գործուն` բացառելով կախվածությունը որևէ քաղաքական ուժից:

Միջադեպեր, որոնք չհանգեցրին էթիկայի հանձնաժողովի ստեղծման

Չնայած չոթերորդ գումարման խորհրդարանը ընդամենը երեք նստաշրջան է գործել, այսինքն` 2019-ի հունվարից մինչ այժմ, սակայն մի քանի միջադեպեր խորհրդարանի դահլիճում արդեն գրանցվել են: Առանձնացնենք դրանցից առավել քննարկվածները:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախագծի քննարկմանը վիճաբանություն սկսվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո: «Գողական բառի հետ էլի 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեք»,- ասել էր Պետրոսյանը, ինչն էլ դարձել էր վիճաբանության ու քաշքշուկի առիթ: Քաշքշուկից հետո ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ ԱԺ նախագահը կարգապահական պատասխանատվության միջոց կիրառեց` զրկելով մեկ օր նիստերի դահլիում գտնվելու իրավունքից:

Հաջորդ վիճաբանությունն ու փոխադարձ վիրավորանքները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև էր. կողմերն իրար վիրավորեցին «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի վաստակ» արտահայտություններով: Այս խորհրդարանի գործունեության թերևս ամենաաղմկահարույց միջադեպը գրանցվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, երբ Սասուն Միքայելյանը նիստերի դահլիճում ապտակեց Էդմոն Մարուքյանին: Սակայն այս բոլոր միջադեպերով պատգամավորական էթիկայի հնարավոր խախտումներն ուսումնասիրող հանձնաժողովներ չստեղծվեցին: