տուն Հասարակություն Իմ հաջողություններն անհնար կլինեին, եթե ամուսնուս կողմից չլիներ այդ ըմբռնումը. Գայանե Աբրահամյան

Իմ հաջողություններն անհնար կլինեին, եթե ամուսնուս կողմից չլիներ այդ ըմբռնումը. Գայանե Աբրահամյան

654
0

Գայանե Աբրահամյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն   Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար

Օրենսդիրի ներկայացուցիչը խոստովանում է՝ հաջողություններն անհնար կլինեին, եթե ամուսնու կողմից չլիներ այդ ըմբռնումը:

Որպես նախկին լրագրող՝  Ձեր լավագույն հոդվածը։

Լրագրության ոլորտում աշխատելուս 18 տարիների ընթացքում բազմաթիվ հոդվածներ եմ ունեցել, որոնք այդ շրջանում համարել եմ լավագույնը, ոչ միայն ես եմ համարել, այլ նաեւ միջազգային փորձագետները, եւ դրա վառ ապացույցը տեղական եւ միջազգային 9 մրցանակներս են, որոնց մեջ թերեւս ամենանշանակալին Նյու Յորքում ստացած մրցանակն էր՝ համաշխարհային Catholic Press Award-ի կողմից, առաջին մրցանակ լավագույն ակնարկային հոդվածի համար, սա համաշխարհային մրցույթ էր, եւ ամեն անվանակարգում մրցանակը տրվում էր աշխարհի տարբեր երկրներից երեք լրագրողի: Մեկ այլ շատ կարեւոր գնահատական էր իմ լրագրողական տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի, հատկապես մարդու իրավունքների, կանանց եւ երեխաների իրավունքների խնդիրների բարձրաձայնման համար շնորհված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մրցանակաբաշխության առաջին եւ գլխավոր մրցանակը: Լրագրությունն ինձ համար հատկապես վերջին տասը տարիների ընթացքում դարձել էր սոցիալական անարդարության, մարդու իրավունքների խախտումների, կրթական ոլորտի խնդիրների  դեմ պայքարի հիմնական հարթակը, որոնց բարձրաձայնման համար նաեւ հետագայում հիմնադրեցի «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը, եւ լրագրողական գործունեության հետ մեկտեղ նաեւ ստեղծեցի երիտասարդների համար կրթական այլընտրանքային հարթակ, որպեսզի գիտելիքներով կարողանան պաշտպանել սեփական եւ այլոց իրավունքները:

Եթե այս պահին հնարավորություն լիներ կրկին լրագությամբ զբաղվելու, ապա ի՞նչի մասին կգրեիք նախևառաջ։

Խնդիրների վերհանման առաջնահերթություններս չեն փոխվի գուցե դեռ երկար ժամանակ, քանի որ սոցիալական արդարության, կրթության հասանելիության ու իրավունքի խնդիրները եւ մարդու իրավունքների խախտումների հիմնահարցերը ժողովրդավարական ինստիտուտների դեռեւս թերի զարգացած լինելու կամ առհասարակ չգործելու հետեւանքով դեռ լրագրողների ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Բայց այս բոլոր խնդիրներն այսօր իմ ուշադրության կենտրոնում են որպես օրենսդիր, եթե նախկինում միայն խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն ունեի, այսօր տրված է նաեւ դրանց որոշակի լուծում տալու կամ գոնե լուծման ուղիներ առաջարկելու մանդատ, որը հնարավորինս փորձում եմ արդյունավետ օգտագործել:

Կարո՞ղ եք Ձեզ երջանիկ կին և կայացած մասնագետ համարել, եթե այո, ապա ո՞րն է այդ հաջողության գրավականը:

Երջանկությունը խիստ հարաբերական է, ես իմ ունեցածով երջանիկ եմ, կամ ինչպես ասում էր Բերնարդ Շոուն՝ «Երջանիկ եմ, քանի որ ժամանակ չունեմ մտածելու այն մասին, թե երջանիկ չեմ»: Ես իմ անձնական երջանկությունը, ընտանիքիս բարեկեցությունը, երեխաներիս հաջողություններն ու իղձերի իրականացումը շատ քիչ եմ համարում իրապես, լիարժեք երջանիկ լինելու համար, եթե գիտեմ, որ մենք ամեն րոպե պատերազմի վտանգի մեջ ենք, մեր զինվորները սահմանին կանգնած վտանգում են իրենց կյանքը, մեր երկրում ամեն 5-րդ երեխան սոված է քնում, եթե արդարության հասնելու եւ բոլորի համար երջանիկ ու բարեկեցիկ կյանք կառուցելու ճանապարհը դեռ չափազանց խորդուբորդ է, այս ամբողջ համատեքստում իմ անձնական հաջողությունը ոչինչ է, բայց նաեւ չես կարող լիարժեք գործել ի բարօրություն պետության, եթե ինքդ կայացած չես, եթե ինքդ քեզ հետ ներդաշնակ չես, եթե քո փոքր միկրոտիրույթում՝ ընտանիքում, չես կարողացել ապահովել երջանկություն ու ներդաշնակություն, այս ամենը փոխկապակցված են: Հաջողության գրավականը աշխատասիրությունն ու ձգտումն է, չհիասթափվել ու թեւաթափ չլինել ցանկացած իրավիճակում եւ երբեք չդադարել հավատալ, երբեք չակնկալել աջակցություն եւ ապավինել միայն սեփական ուժերին:

Հայտնի է, որ պետությունը մեծ ընտանիք է, ինչպե՞ս է հաջողվում Գայանե Աբրահամյանին համատեղել անձնական ընտանիք-պետություն կապը և հարաբերությունների ստեղծումն ինչպես է հաջողվում նժարի երկու կողմերում պահել հավասարաչափ:

Շատ բարդ է արդեն այդ տարանջատումն անելը, գուցե նաեւ պետք չէ, քանի որ ինչպես նախորդ հարցին ի պատասխան ասացի՝ լիաթոք ուրախանալու եւ լիարժեք երջանիկ լինելու համար բոլորովին բավարար չէ անձնական երջանկությունը միայն:

Մենք ընտանիքով սովորել ենք բոլորի խնդիրներով ապրել, ունենք համընդհանուր կոնսենսուս այս հարցում եւ ըմբռնում, դա հաջողվում է հաղթահարել ամուսնուս աջակցությամբ, փոխօգնությունը, միմյանց բոլոր հարցերում թիկունք լինելը չափազանց կարեւոր է, եւ իմ հաջողություններն անհնար կլինեին, եթե ամուսնուս կողմից չլիներ այդ ըմբռնումը:

Գայանե Աբրահամյանի առօրյան՝ աշխատանքային հանդիպումներից ու գործուղումներից և ԱԺ նիստերից զատ:

Աշխատանքից դուրս հասկացությունը գրեթե տեղ չունի իմ առօրյայում, աշխատանքը տուն է ներխուժել վաղուց, անգամ խոհանոցում, ճաշ պատրաստելուն զուգահեռ աշխատում եմ, միակ տարբերակը փոքր-ինչ կտրվելու գեղարվեստական գրքերն են ու փոքրիկիս հետ հեքիաթներ ընթերցելը, բայց, ցավոք, դրա ժամանակը եւս շատ քիչ է:

Բարդ է կյանք ու աշխատանք հավասարակշռությունը պահել, աշխատանքը հաճախ կլանում է ամբողջը: Սա է նաեւ պատճառը, որ հատկապես սիրում եմ ամանորյա պատրաստությունները, միակ ժամանակն է, երբ լիարժեքորեն տրվում եմ խոհանոցին, որտեղ իմպրովիզներ անել շատ եմ սիրում, ընդհանրապես պատրաստել եւ համեղ նորարարություններով զարմացնելն իմ տարերքն է: Իսկ ամենօրյա խոհանոցային պարտականությունը եւս բավական մեծ է, երեխաներիս սիրելի ուտեստները պարտադիր պետք է լինեն, տանը սնվելը պարտադիր է, անգամ գործուղումների գնալիս փորձում եմ կիսաֆաբրիկատ ուտեստներ թողնել, որպեսզի հնարավորինս դրսից քիչ օգտվեն:

Գայանե Աբրահամյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին՝ Երևանում:

1986-1996 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում:

Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:

2009 թվականին սովորել է Վաշինգտոնի Լրագրության միջազգային կենտրոնում (ICFJ): Աշխատանքային պրակտիկան անցկացրել է Boston Globe և Washington Post թերթերում:

1997-2001 թվականներին աշխատել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայում՝ որպես ծրագրերի համակարգող, մինչև 18 տարեկանը եղել է երգչախմբի երգչուհի:

2001-2002 թվականներին աշխատել է Armenian International Magazine ամսագրում:

2002-2013 թվականներին Armenianow.com առցանց լրատվական կայքում աշխատել է որպես լրագրող:

2006 թվականից թղթակցում է միջազգային One Magazine ամսագրին, որը տպագրվում է ԱՄՆ-ում:

2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը:

2008-2009 թվականներին աշխատել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (IREX) կազմակերպությունում` որպես «Լրատվամիջոցների աջակցման ծրագրի» դասընթացավար և խմբագիր:

2008-2010 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ:

2013-2017 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նախաձեռնել և իրականացրել է «Կլոր սեղան» հաղորդաշարը, որի շրջանակներում բարձրաձայնել է քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և մարդու իրավունքների խնդիրները

2016 թվականին հիմնադրել և նախագահել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը:

2015-2017 թվականներին թղթակցել է միջազգային The Guardian պարբերականին:

2016 թվականի ապրիլին հիմնադրել և ղեկավարել է «Հոդված 3» ակումբը

Գայանե Աբրահամյանը 2017 թվականից Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը, որի գործունեության առանցքը կառավարության տարբեր ծրագրերում և գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները բացահայտելն ու հետաքննելն է:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկում և ընտրվել է ավագանու անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 2 607 ձայն:

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը:

Գայանե Աբրահամյանն արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում՝ հանդիսանում է ԱՄՆ-ում անցկացվող համաշխարհային «Catholic Press Award 2010» մրցույթի առաջին և գլխավոր մրցանակակիրը:

Ամուսնացած է, ունի 2 դուստր: