տուն Հասարակություն Առողջապահություն «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է. ԱՆ

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է. ԱՆ

81
0

«Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը:

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում:

Այս օրերին՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է:

Չնայած, որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդություններ, որոնք կարծես մոռացության են մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ:

Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:

Յուրաքանչյուր ոք պատվաստման մասին երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, ըստ վիճակագրության՝ եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ:

Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում»:

 ՀՀ Առողջապահության նախարարություն