տուն Քաղաքական Զգացողություն ունեմ՝ Մարտի 1-ի գործով այլ վկաների հետ էլ նման դեպքեր լինեն....

Զգացողություն ունեմ՝ Մարտի 1-ի գործով այլ վկաների հետ էլ նման դեպքեր լինեն. փաստաբան

2436
0

Մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանը Araratnews.am-ին ասաց, որ  Մարտի մեկի վկա, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածն իրեն այդքան էլ չի համոզում: «Հայկ Հարությունյանը գիտեր, որ առանցքային դեր ունի 2008 թվականի  դեպքերում: Նա այն մարդն էր, որ մոտ էր կանգնած Ռոբերտ Քոչարյանին: Մարտի 1-ի գործի այն հատվածը, որը վերաբերում է ոստիկանության ուժերին, նա է համակարգել: Մարտի 1-ի հանրահավաքի ցրումը եւ մնացածի սկիզբը Հայկ Հարությունյանն է դրել: Հետևաբար, նրա հարցաքննվելը դատարանում շատ կարևոր էր»,- հիշեցրեց փաստաբանը:

Սեդա Սաֆարյանը, թեեւ այդքան էլ չի հավատում ինքնասպանության վարկածին, բայց չի էլ բացառում.  Հայկ Հարությունյանը գուցե հոգնած լիներ այս իրավիճակից: Մարտի 1-ի գործի վկաները, մեր զրուցակցի խոսքով, պատրաստ չեն հարցաքննվելու, նրանց այս հարցաքննությունը կարող է դժոխք թվալ: «Չեն ցանկանում ցուցմունք տալ, վարույթ իրականացնող մարմինն էլ  սուտը չի ընդունում»,- մանրամասնեց փաստաբանը:

Մեր մտավախությանը, թե հնարավո՞ր է Մարտի 1-ի գործով առանցքային վկաների հետ եւս նման դեպքեր լինեն՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար՝ Սեդա Սաֆարյանն անկեղծացավ. «Ցավոք, այդպիսի զգացողություն ունեմ դեռ շուտվանից: 2018-ին, երբ Մարտի 1-ի գործը պետք է վերաբացվեր, տեղեկություն տարածվեց՝ դիպուկահար  Եվգենի Կաչակը սպանվել է: Էլ չեմ ասում, որ 2008- 2018 թթ ինչքա՜ն մարդիկ են սպանվել, որոնց մահվան պատճառները չգիտենք: Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու սպանվեց իմ պաշտպանյալ, Մարտի -1ին տուժած Արթուր Ավագյանի հայրը»: 

Փաստաբանի խոսքով՝  այն վարկածը, թե նախկին իշխանությունը՝  հին համակարգը, ճնշում է Մարտի մեկի գործի վկաներին եւ կարող է նրանց թելադրել, թե ինչպիսի ցուցմունք  տան, հավանական է: «Կարծում եմ՝ պետք է խորացված քննություն  լինի, պետք է ուշադիր լինեն հանգամանքներին: Բոլոր սպանությունների վարկածները պետք է լինեն հիմնավոր, ոչ թե ենթադրությունների հիման վրա»,- ավարտեց իր խոսքը փաստաբան Սեդա  Աաֆարյանը: 

Սոնա Դավթյան 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here