տուն Հասարակություն Առողջապահություն Եթե նույնիսկ վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ,...

Եթե նույնիսկ վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի. նախարար

208
0

1273 թեստերից ունեցել ենք 349 դեպք, դեպքերի թիվը կրկին ցածր է և հավասար է կիրակի օրվա թվերին։ Այս ցածր տոկոսը պայմանավորված է կատարված թեստերի քիչ թվով, իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրերով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Որոշ ժամանակ է՝ մենք երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, որովհետև կարծես թե շաբաթը նոր է սկսում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին  թվերը նոր մեծանում են և դառնում են մեր հնարավոր մաքսիմալ հնարավորությանը համատասխան, այսինքն՝ մոտ 2500 թեստին համապատասխան։ Երեկ բրիֆինգի ժամանակ նշածս իրավիճակը պահպանվում է, այսինքն՝ մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք, ազատվելով, նորից արագ զբաղեցվում են։ Մենք այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է, և նաև նոր հիվանդանոցներ ենք ունենալու, որոնք միանալու են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Այն հարցին, թե արդյոք ունենք կրկնակի վարակման դեպքեր և արդյոք տվյալներ կան, թե որքանով է հավանական նորից վարակվելը բուժվելուց հետո, նախարարը պատասխանեց, որ նման տվյալներ չկան, ընդհանրապես աշխարհում էլ այս ակադեմիական դեբատը շարունակվում է, որ արդյոք լինում են կրկնակի վարակման դեպքեր, թե ոչ։

«Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք։ Այդ արձանագրումները, կարծում եմ, պետք չէ դիտել միայն երկրի մասշտաբով, այլ պետք է մի շարք միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում դիտել։ Այս կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և այս հարցի պատասխանը քանի դեռ չունենք, նաև այդ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք։ Սակայն, չունենալով այդ պատասխանը, մենք պետք է զգույշ լինենք, որ եթե նույնիսկ վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի, այդ ապացույցի բացակայությունը հաշվի առնելով։ Իհարկե, մենք հույս ունենք, որ դա այդպես կլինի, և բոլոր վարակված քաղաքացիները չեն վարակվի կամ եթե նույնիսկ վարակվեն, ապա մյուս հիվանդությունների նման՝ երկրորդ անգամը թեթև կտանեն, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել։ Այդ ապացուցողական բազայի զարգացմանը զուգընթաց մենք և կտեսնենք, և կհայտարարենք դրա մասին, սակայն կարող եմ զուգահեռ անցկացնել այլ սուր շնչառական վարակների հետ, որոնք երկարատև իմունիտետ չեն առաջացնում, օրինակ՝ գրիպը»,- եզրափակեց նախարարը։

infocom.am