տուն Քաղաքական Հայաստան Գնալով «երազանքի Սահմանադրական դատարանի» հետևից…

Գնալով «երազանքի Սահմանադրական դատարանի» հետևից…

264
0

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծը երեկվանից պայթեցրել է համացանցը`դառնալով ամենաքննարկվող թեման: ՍԴ անդամների կամավոր կենսաթոշակի անցնելու մասին օրենքն ըստ երևույթին արդյունք չտվեց: Այդ իսկ պատճառով մեծացան խնդրի մասշտաբներն այնքան, որ հարկ եղավ հարցը լուծել հանրաքվեի միջոցով:

Փետրվարի 6-ին` Ազգային ժողովում, վարչապես Փաշինյանը հանգամանալից խոսեց նոր Սահմանադրության մասին՝ այն անվանելով «երազանքի Սահմանադրական դատարան»:

Երազանքի Սահմանադրական դատարան ունենալու համար Փաշինյանը հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել, որ գործող Սահմանադրության անցումային դրույթները գալիս են նախկին ՀՀԿ-ից, և հավելելով, որ Սահմանադրական դատարանը Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: Առկա խնդիրները անցյալում թողնելու և սահմանադրական իրավունքի, Սահմանադրական դատարանի նոր մոդելը կյանքի կոչելու համար հանրաքվե անցկացնելը վարչապետը համարեց ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ է կարծում, որ սահմանադրական ճգնաժամը լուծելու ամենաճիշտ լուծումը հանրաքվե անցկացնելն է, նշելով, որ սահմանադրական փոփոխությունները քննարկելու համար աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է: Նա վստահ է, որ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի նախագիծը, քանի որ հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն նրա ստորագրելուց հետո։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը հանրաքվեի մասին նախագիծն ընդունեց ձայների 88 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս իրավիճակում միայն հանրաքվեի միջոցով կարող է հարցը լուծվել:

Ըստ իշխանությունների՝ ներկա սահմանադրական ճգնաժամը առաջացել է  նախկին կոռումպացված իշխանությունների կամայականությունները, պահանջմունքները բավարարելու հետևանքով: Ժողովուրդը չի վստահում Սահմանադրական դատարանին և վստահ է, որ հանրաքվեի արդյունքներով կտապալվի սահմանադրական կլանային ինքնիշխանությունը: Դատական համակարգը անկախ մարմին է, և այն պետք է գործի Սահմանադրությամբ`օրենքով սահմանված կարգով:

Այնուամենայնիվ, կլինի՞ հանրաքվե, թե ոչ։  ՍԴ դատավորները դեռ երկու շաբաթ ունեն մտածելու` անցնե՞ն կամավոր կենսաթոշակի թե հրաժարվեն։ Վերջին տարբերակում ժողովուրդը հանրաքվեով կորոշի ՍԴ անդամների ճակատագիրը։

Հայկ Մագոյան