տուն Հասարակություն Առողջապահություն Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ սահմանները կարող են կրկին փակվել

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ սահմանները կարող են կրկին փակվել

351
0

Եվրոպայում սահմանները կարող են կրկին փակվել, եթե կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ լինի ԵՄ այս կամ այն երկրում։ Այս մասին dpa-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը։

Ընդ որում, նա նշել է, որ նման որոշումները պետք է համաեվրոպական մակարդակով համակարգվեն եւ քվեարկության դրվեն։

Կորոնավիրուսի համավարակի սկզբում ԵՄ անդամ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, միակողմանիորեն որոշեց փակել սահմանները: Մայիսից սկսած՝ Եվրամիության եւ Շենգենյան գոտու ներսում սահմանները աստիճանաբար բացվեցին: Միայն Նորվեգիան եւ Ֆինլանդիան մտադիր չեն մինչեւ հուլիսի կեսը բացել իրենց սահմանները:

Հուլիսի 1-ից Գերմանիան նախագահում է Եվրամիությունում: Ըստ Մաասի՝ կազմակերպության անդամ-պետությունների ակնկալիքները, կապված համավարակի հետ, Գերմանիայից շատ մեծ են: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է երեք կարեւորագույն նպատակները՝ ԵՄ տնտեսություններին մինչեւ 2027թ․ օգնելու բազմամիլիարդանոց ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքում, Brexit-ի շուրջ բանակցություններ եւ ԵՄ հստակ դիրքորոշում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ մրցակցային հարաբերություններում, հայտնում է DW-ն:

Ակնկալվում է, որ արդեն հուլիսին կարող են հանվել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ Հարավային Կորեայից եւ Նոր Զելանդիայից ժամանողների համար: Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից ժամանողները մուտքի թույլտվություն կստանան բացառիկ դեպքերում։ Երկրների ցուցակը, որտեղից կարելի կլինի անխոչընդոտ մուտք գործել ԵՄ գոտի, վերջնականապես կհաստատվի երկուշաբթի օրը:

Հետագայում մուտքի արգելման կամ թույլտվության հիմնական գործոնը կլինի վերջին երկու շաբաթվա ընթացքում մեկնման երկրում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը՝ 100 000 բնակչի հաշվով պետք է լինի 16 կամ ավելի քիչ դեպք, ինչը համապատասխանում է ԵՄ միջին ցուցանիշին: Եվ նաեւ կարեւոր նշանակություն կունենա վարակվածների թվի նվազման միտումը: