տուն Տնտեսական «Գազպրոմը պետք է հասկանա, որ ՀՀ բնակչության հաշվին գրպաններ լցնելը լավ միջոց...

«Գազպրոմը պետք է հասկանա, որ ՀՀ բնակչության հաշվին գրպաններ լցնելը լավ միջոց չէ. lragir.am

222
0

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, վերջին օրերին բարձրացվում է այն հարցը, որ Հայաստանը կարող է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ գազի գնի էժանացման հարցով՝ հաշվի առնելով աշխարհում նավթի ու գազի գնի նվազումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ ինչ-որ փուլում կարող են նման բանակցություններ սկսվել՝ նշելով, որ ռուսական կողմի հետ իրավապայմանագրային բազան այդ հնարավորությունը տալիս է։ Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ։

Այս տարվա սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ գազի գինը պետք է թանկանա 15 դոլարով և հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչու 15 դոլարով։ Դրանից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ դեռևս այդպիսի խոսակցություններ չկան, հետո նույնիսկ «Գազպրոմ» ընկերությունը հայտարարություններ արեց, թե դեռ չի պատրաստվում դիմել։ Ես չգիտեմ, թե ինչով էր պայմանավորված Հայաստանի պետական պաշտոնյայի այդ հայտարարությունը, բայց հիմա ամեն ինչ փոխվեց աշխարհում, 180 աստիճանով իրավիճակը փոխվել է։ Նախկինում նույնիսկ այն աստիճանի էին իրավիճակը ներկայացնում մեզ, որ քանի որ գործող կառավարության հարաբերությունները ռուսական իշխանության հետ այն մակարդակի վրա չեն, չեն կարող թույլ տալ, որ գինն իջնի։ Այսինքն՝ այս ամենի քաղաքական հիմնավորումը նաև դա էր, լուրջ վերլուծություններ էին գրում մամուլում։

Բայց հիմա այլ իրավիճակ է ստեղծվել, և պարզվում է, որ «Գազպրոմն» ինքը հայտնվել է շատ ծանր իրավիճակում։ Ռուսական կայքերում վերլուծական հոդված հրապարակվեց օրերս, որ Եվրոպան գազ չի գնի Ռուսաստանից, ոչ թե այն պատճառով, որ թանկ է կամ էժան, այլ ուղղակի իրենց պահեստները լցված են գազով այնքան, որ այլևս տեղ չկա։ Եվ դրան զուգահեռ բորսայական գինն է նվազում, երբևիցե եղած ամենացածր մակարդակի վրա է՝ 1000 խմ համար 55 դոլար։ Եվ այս պայմաններում մեր բոլորի կողմից հարցադրումը հասկանալի է։ Ես կարծում եմ, որ այսօր չարժե դրա մասին խոսել, բայց գուցեև արժե, որովհետև իրավիճակից ելնելով՝ մենք հիմա ավելի շահեկան վիճակում ենք հայտնվել՝ որպես սպառողներ, այն առումով, որ մենք արդեն կարող ենք այդ հարցադրումն անել։

Երբ որ մեր վիճակը վատ էր, մենք հարցադրում էինք անում, մեզ պատասխանում էին՝ պարտավորություններ և այլ պատճառաբանություններ։ Հիմա մենք կարող ենք ասել՝ բա ո՞նց եղավ։ Ռուբլին հիմա արժեզրկվում է, իսկ մենք միշտ ասում էինք՝ եկեք ռուբլիով վճարման համակարգի անցնենք, չէիք անցնում, հիմա մեր երկրից թանկ դոլար կտանեք։ Նույն «Գազպրոմին» եմ ես այս հարցադրումն անում՝ գոնե դրա հաշվին դուք լրջագույն եկամուտ եք ստանալու։ Եթե մինչև ամսվա սկիզբը 1 դոլարի դիմաց ռուբլու փոխարժեքը տարվա սկզբին 64 էր, հետո 68, հիմա արդեն 70-80, ապա հայաստանյան դրամի արժեզրկումը՝ մեկ դոլարը 478-ից հիմա հասել է 500-ի։ Մոտ 30 տոկոս արժեզրկումն ու ընդամենը 3 կամ 4 տոկոս արժեզրկումն իրար հետ համեմատելի չեն։ Եվ սրա արդյունքում  «Գազպրոմն» արդեն այս ամսվա վճարումների առումով մեզանից կստանա լրացուցիչ եկամուտ։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարելի է այս հարցին անդրադառնալ, բայց զուտ գործընկերային հարաբերությունները հաշվի առնելով։

Ես կարծում եմ՝ մենք էլ պետք է մտնենք «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» այսօրվա իրավիճակի մեջ և համարենք, որ իրենց մոտ իրավիճակը ֆորս-մաժորային է, մանավանդ ազգաբնակչության համար սեզոնն արդեն ծանր չէ, ջեռուցման համար քիչ գումարներ ենք տալու։ Ուղղակի այս ամենը պետք է օգտագործվի, որպեսզի հետագայում հայ-ռուսական՝ գազի վերաբերյալ պայմանավորվածություններում հասկանանք, որ միայն ՀՀ բնակչության հաշվին գրպաններ լցնելը լավ միջոց չէ։ Եվ մենք թշնամի չենք, ընդհակառակը, պատրաստ ենք եղել միշտ էլ իրենց ծառայությունների դիմաց վճարել, բայց խելամիտ ու տրամաբանական գների սահմաններում։ Եվ ոչ թե ամեն տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամբողջ բնակչությանն ու կառավարությանը անհարմար վիճակի մեջ էին գցում, և անընդհատ հայ-ռուսական հարաբերությունները կապում գազի գնի հետ։ Այսինքն՝ այս առումով միգուցե առիթ է, որ երկու կողմերն էլ ոչ հրապարակային բանակցություններում իրենց դիրքորոշումները ճշգրտեն։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: