տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն.Կոնյուկտիվիտ

Բժշկի անկյուն.Կոնյուկտիվիտ

421
0

conjunctivitis0

Կոնյուկտիվիտն աչքի ու կոպերի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է: Այսօր հայտնի են կոնյուկտիվիտի հետևյալ տեսակները. վիրուսային, ալերգիկ ու բակտերիալ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում տարբեր բուժում է առաջարկվում: Կոնյուկտիվիտը ինֆեկցիոն հիվանդություն է (բացի ալերգիկից): Վիրուսային կոնյուկտիվիտը հաճախ կապված է ռեսպիրատորային հիվանդության, անգինայի կամ էլ մրսածության հետ, իսկ բակտերիալ կոնյուկտիվիտը` անմիջականորեն  ստաֆիլոկոկերի ու ստրեպտոկոկերի հետ: Ալերգիկ կոնյուկտիվիտը  հաճախ  արտահայտվում է  ողջ օրգանիզմի ալերգիկ վիճակի ֆոնին:

Վիրուսային կոնյուկտիվիտի դեպքում առատ արցունքահոսություն է լինում, աչքերի բորբոքվածություն ու կարմրություն: Բակտերիալ  կոնյուկտիվիտի դեպքում այտուց, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, թարախային արտադրություն է լինում, ինչի  պատճառով առավոտյան կոպերն իրար  են կպչում: Դրա համար կարելի է թեյի թուրմի մեջ թաթախված բամբակով զգուշությամբ մաքրելով բացել բորբոքված աչքը:

Ալերգիկ կոնյուկտիվիտի դեպքում արցունքահոսություն, քոր, այտուց է առաջանում:

Կոնյուկտիվիտը բավական լուրջ հիվանդություն է ու պահանջում է գրագետ բուժօգնություն: Բուժման համար  նախ պետք է պարզել կոնյուկտիվիտի առաջացման ճշգրիտ պատճառը:

Ալերգիկ կոնյուկտիվիտը բուժվում է  օրգանիզմից ալերգենի դուրսբերմամբ: Սակայն, միշտ չէ, որ հաջողվում է պարզել ալերգենը, դրա համար էլ երբեմն շատ դժվար է լինում  բուժումը: Ալերգիայի թույլ արտահայտությունների դեպքում անհարմարության վիճակը վերացնելու համար բավարար է արհեստական արցունքառաջացումը : Խորհուրդ են տրվում սառը թրջոցները: Բարդ դեպքերում բժիշկը հնարավոր է նշանակի ոչ ստերոիդային ու հակահիստամինային միջոցներ` կաթիլների  ու հաբերի տեսքով: Իսկ ամենաբարդ դեպքերում նշանակվում են հակաբորբոքային ու ստերոիդային կաթիլներ:

Բակտերիալ կոնյուկտիվիտը բուժվում է  հատուկ քսուքների ու կաթիլների միջոցով, որոնց բաղադրության մեջ անպայման հակաբիոտիկներ կան:

Վիրուսային կոնյուկտիվիտի բուժման համար հակավիրուսային կաթիլներ, քսուք ու ինտերֆերոն է նշանակվում: Մեծ նշանակություն ունի նաև հիվանդի իմունային համակարգի վիճակը, քանի որ վիրուսով ախտահարումը հաճախ կապված է հենց իմունային համակարգի թուլացման հետ: Պոլիվիտամինները բուսական դեղամիջոցների հետ կարող են խթանել իմունային համակարգն ու  առողջացման գործընթացն արագացնել:

Տվյալ վարակի տարածումը կանխարգելելու համար պետք է հետևյալ կանոններին հետևել. լվանալ ձեռքերը, բացառել լողը, ձեռքերով աչքերին չդիպչել, միմիայն  անձնական սրբիչից օգտվել , իսկ թաշկինակի փոխարեն մեկանգամյա անձեռոց կիրառել, բացառել ձեռքսեղմումները: