Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը արտահերթ նիստ էր հրավիրել`երկրում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու առնչությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքից և առողջապահության փոխնախարարի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարը քննարկման ներկայացրեց ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 258 Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ երկրում վիրուսի տարածումը շարունակվում է: Ռուստամ Բադասյանն ասաց, որ ակնհայտ են այն պատճառները, որոնց համար հայտարարվել էր արտակարգ դրությունը և խնդիրներին դիմագրավելու առնչությամբ անհրաժեշտ է կրկին երկարաձգել այն:
Նախարարն ասաց, որ առաջարկվում է երեսուն օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ երկարաձգել արտակարգ դրությունը:
«Սա երրորդ երկարաձգումն է արդեն, և միևնույն ժամանակ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում տարածել այն ֆինանսական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այլ ֆիզիկական անձնաց կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար»,- ասաց նախարարը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
Հայկ Մագոյան