տուն Հասարակություն Կրթություն Այսօր պաշտոնից հեռանում է Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, նրան կփոխարինի պրոռեկտոր Ռուբեն...

Այսօր պաշտոնից հեռանում է Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, նրան կփոխարինի պրոռեկտոր Ռուբեն Աղաշյան

425
0

Հունիսի 25-ին լրանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա ընտրվել էր 2015 թվականին։

Ավելի վաղ՝ 2006-2011 թվականներին նա մեկ անգամ եւս եղել է ՀՊՃՀ ռեկտոր (նախկինում բուհը կոչվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան)։

Մեզ հետ զրույցում դեռեւս ռեկտոր Մարուխյանը նշեց, որ տարիքային տեսանկյունից այլեւս չի վերընտրվի։ Նա այժմ 74 տարեկան է։

Մարուխյանի խոսքով՝ ամսի 25-ից հետո թողնում է պաշտոնը, իսկ իր լիազորությունները կկատարի երկարմայա պրոռեկտորներից Ռուբեն Աղաշյանը։

1 ամսվա ընթացքում կձեւավորվի հոգաբարձուների խորհուրդ եւ կհայտարարվի մրցույթ։

Նշենք, որ ՀՊՃՀ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ՀԱՊՀ հիմնադրամի վերակազմավորելու եւ գույք տրամադրելու մասին որոշման մեջ նշված է, որ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտությունների դոկտորի աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Որոշման մեջ չկա տարիքային սահմանափակման վերաբերյալ կետ։

Մարուխյանը պարգեւատրվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի եւ Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալներով։ Արժանացել է նաեւ ՀՀ Կրթության, գիտության նախարարության ոսկե հուշամեդալի այլ պատվոգրերի եւ մեդալների։ Նա 26 ուսումնական ձեռնարկների, դասագրքերի, 128 գիտական, գիտամեթոդական, հրապարակախոսական հոդվածների եւ 2 գյուտի հեղինակ է։

Ապագա ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղաշյանը 2003 թվականից մինչ օրս բուհի միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտորն է (նախկինում կոչվել է միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի)։

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի, ԱՊՀ երկրների հիմնական կազմակերպությունների տեղեկատվության եւ ռադիոէլեկտրոնիկայի կրթության բնագավառի հասարակական խորհրդի եւ ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: