տուն Քաղաքական ԱԱԾ-ին վերահսկելու մեխանի՞զմ․ որն է ոստիկանությանը գաղտնալսելու գործառույթ տալու պատճառը

ԱԱԾ-ին վերահսկելու մեխանի՞զմ․ որն է ոստիկանությանը գաղտնալսելու գործառույթ տալու պատճառը

145
0

Ինչպես հայտնել էինք, երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացում՝ օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով՝ հաշվի առնելով, որ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ և ունի օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում։

Այդպիսով՝ նախագծի ընդունմամբ ոստիկանությունը կխուսափի ԱԱԾ-ին դիմելու վարչարարությունից։

Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նշեց, որ օրենքի նախագիծն այն չէ, ինչ փորձ է արվում ներկայացնել։

«Իրականում գործիքակազմ և կապուղիներ ենք տալիս այս փոփոխություններով, որ ոստիկանությունը չդիմի ԱԱԾ-ին։ Ոստիկանությունը հիմա էլ գաղտնալսում իրականացնում է դատարան դիմելուց և որոշումը ստանալուց հետո։ Այս նախագծով ուղղակի առանձնացնում ենք երկու՝ իրար հավասար մարմինները, որ մեկը մյուսի ենթական չդառնա։ Փաստացի, երկուսն էլ վարչապետին առընթեր մարմիններ են և երկուսն էլ հավասար լիազորություններ ունեն, բայց ոստիկանությունը ենթարկվում է ԱԱԾ-ին։ Այսինքն՝ օրենքն այստեղ արդեն խախտվում է»,- հայտնեց պատգամավորը։

Պողոսյանի խոսքով՝ ներկա կանոնակարգմամբ հավասարար մարմիններից մեկը մյուսին ղեկավարում է, բայց այս փոփոխությամբ, ըստ պատգամավորի, ամեն ինչ մնում է նույնը, միայն հանվում է ԱԱԾ-ից թույլտվություն ստանալու գործառույթը։

Դիտարկմանը՝ այսինքն այս նախագծով փորձ է արվում ԱԱԾ-ին ևս վերահսկել, Պողոսյանը պատասխանեց․

«Այո, փաստացի այդպես է։ Այսօր ԱԱԾ-ն վերահսկում է ոստիկանության գործառույթը, և, օրինակ, եթե անհրաժեշտ է և որոշ օպերատիվ տեղեկատվություն կա, որը վերաբերում է ԱԱԾ աշխատակցին, և ոստիկանությունը դիմում է ԱԱԾ-ին՝ որևէ աշխատակցի գաղտնալսելու համար, ապա աշխատանքը խանգարվում է և չի կարող իրականացվել, որովհետև մարմինը, որին գաղտնալսելու են, իմանում է այդ մասին»,- մանրամասնեց նա։

Պատգամավորը նշեց, որ սա ընդամենը մի դրվագ է։

Հարցին՝ նախագծի հետ կապված շատ է շահարկվում մեր քաղաքացիների իրավունքների ոտնահարման թեման, որ անգամ անձնական կյանքի իրավունք չեն ունենալու մարդիկ, պատգամավորն արձագանքեց․ «Ես առաջարկել եմ վերահսկման մեխանիզմներ։ Եթե չլինեն վերահսկվող մեխանիզմներ, հիմա էլ ոչ ոք չունի վստահություն, որ ԱԱԾ-ն չի ոտնահարում մարդու իրավունքները և գաղտնալսում իրականացնում։ Եվ այդ փաստառույթները, ի տարբերություն ոստիկանության, որտեղ մենք կարող ենք մտել և փաստաթղթեր վերցնել, ստուգել, ԱԱԾ-ում մարդիկ երբեք չեն տեսնելու։ Այսնիքն՝ հիմա էլ մեր քաղաքացիներն ապահովագրված չեն դրանից, չնայած, որ գաղտնալսել կարող են միայն դատարանի որոշմամբ։ Ուստի, մինչև չլինի էֆեկտիվ վերահսկման մեխանիզմ, հարցը չի լուծվի»։

Պողոսյանի խոսքով՝ առաջիկայում կքննարկվի այդ մեխանիզմների հարցը։

Ինչ վերաբերում է նրան, որ արդարադատության նախարարությունը դեմ է արտահայտվել նախագծին, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամն ասաց․ «Հիմնավորումը շատ թույլ էր։ Միայն ասվում էր, որ քրեակատարողական հիմնարկներն ունեն, և դրա կարիքը չկա։ Բայկ ՔԿՀ-ներն այդ գործառույթը կարող են անել միայն իրենց շենքերի ներսում, և դա որպես հակափաստարկ չընդունեցինք»։

Նշենք, որ օրերս նախագիծը կդրվի երկրորդ ընթերցմամբ քվեարկության։