տուն Քաղաքական Վերլուծական Я Путина видел: Չինովնիկական ծառայամտության չափումների մասին

Я Путина видел: Չինովնիկական ծառայամտության չափումների մասին

423
0

lenin-putin

Խորհրդային այլախոհ, հետագայում ԽՄ-ում այլախոհական շարժման արմատական ուղղության առաջնորդ Ալեքսանդր Սոլժենիցինի  «Առաջին շրջանում» վեպի հերոսը, խոսելով կոմունիստների մասին, նշում է. «30 տարում նրանք այնպես այլասերեցին երկիրն ու ժողովրդին, որ 300 տարի կպահանջվի, այն ուղղելու համար: Վեպում նկարագրված իրադարձությունները տեղի էին ունենում 1940-ականների վերջին «ԳՈՒԼագ»-ում:

Հիրավի ներկայումս մենք քաղում ենք կոմունիստական այլանդակության պտուղները անգամ անկախությունից ավելի քան երկու տասնամյակ անց: Ինչ խոսք, կամա թե ակամա, խորհրդային արժեհամակարգն է դրված ընդհուպ մինչև 1990-ականներին ծնվածների աշխարհայացքի հիմքում, շատերին հաջողվեց վերախմբագրել այդ արժեհամակարգը, սակայն` ոչ բոլորին: Խորհրդային նոմենկլատուրային չինովնիկի հոգեբանությունը, որքան էլ ցավալի է, իր ուրույն տեղը պահպանեց արդեն անկախ հանրապետության իշխանական հիերարխիայում: Հարկ է նշել, որ չինովնիկական հոգեբանությունն ու աշխարհայացքը միևնույն ժամանակ շատ ավելի խորը արմատներ ունի: Մինչխորհրդային ռուսական իրականության մեջ չինովնիկական քծնանքի և «ողբերգության» լավագույն վկայությունն էր Անտոն Չեխովի դասագրքային դարձած «Չինովնիկի մահը» նովելը, որը լավագույնս է արտահայտում նոմենկլատուրային պաշտոնյայի աշխարհայացքի ու մտահայեցողության ամբողջ սպեկտրը:

Խորհրդային հասարակության համապատասխան հատվածը գրեթե ամբողջովին ժառանգեց ռուսական չինովնիկության «լավագույն ավանդույթները», ապա և այն նույն սկզբունքներով փոխանցեց արդեն անկախ հանրապետություններում ձևավորվող իշխանական հիերարխիային: Թերևս հենց այս չինովնիկական բարդույթով կարող են բացատրվել այն իրողությունները, որոնք ներկայումս տեղ են գտել մեր հանրային կյանքում` պայմանավորված Պուտինի այցով: Սարսափելի անգամ պատկերացնել, որ մի ամբողջ, թեկուզ և փոքր պետության ապագան դրված է այնպիսի իշխանության վրա, որն ինքն իրեն դրել է ռուսական չինովնիկության դերի մեջ: Այլ կերպ դժվար է բացատրել այս օրերին պետական մասշտաբի քծնանքի արտահայտությունը հայաստանյան ներկա իշխանությունների կողմից:

Գյումրիում նախանձելի տեմպերով ընթացող ճանապարհաշինությունը`միայն այն փողոցներում, որտեղ անցնելու է Պուտինի շքախումբը, սատիրայի ու զավեշտի լավագույն հումք կդառնար, եթե չլիներ այդքան քստմնելի: Սեպտեմբերի 3-ից հետո առկա իշխանությունների թեթև ձեռքով հայաստանյան հասարակությունն անընդհատ գտնվում է խորը ռուսական պսիխոզի մեջ: Դեռ չէին հասցրել ուշքի գալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ սկսվեցին ռուս չինովնիկների տարատեսակ, երկրի ու քաղաքացիների արժանապատվությունը վիրավորող հայտարարությունները, Հայաստանի ու Կալինինգրադի համեմատությունները: Ցարիզմի նկատմամաբ ծառայամտության փայլուն օրինակ դարձավ Զորի Գայկովիչի տխրահռչակ նամակը: Այդ նամակի աղմուկը դեռ չդադարած դեսպան Վոլինկինը բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանը Մաքսային միություն մտնելով զիջելու է իր ինքնիշխանության մի մասը:  Սակայն այս պարտվողականության և պետականության ոտնահարման ծաղիկը դարձավ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը` ռուսերենին կարգավիճակ տալու և աշխատանքային լեզու ընդունելու մասին: Սա արդեն մեկ քայլ առաջ էր սովետական չինովնիկությունից, քանի որ անգամ ՀԽՍՀ-ում ռուսերենը որևէ կարգավիճակ չի ունեցել: Այս ամենի ֆոնին գրեթե անտանելի է դառնում Պուտինի այցելության նախապատրաստման ամբողջ ծառայաբարո խանդավառությունը:

Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ Պուտինի այցից հետո հայաստանյան ամբողջ չինովնիկական դասը արտասվալից աչքերով հայտարարելու է.«Я Путина видел»,- խորհրդային հայտնի ֆիլմի հերոսի բառերով:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here