Վիճաբանություն Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում, որն ավարտվել է կրակոցներով: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` Գյումրիում երեկ երեկոյան երկու անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հաջորդել է կրակոցը: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց, թե տեղի է ունեցել փոխադարձ ծեծկռտուք, իսկ տեղեկությունները, թե հնչել են կրակոցներ, ստուգվում են: «Իսկ այն, որ հնչել են կրակոցներ, որեւէ փաստական տվյալներ այս պահին ձեռք չեն բերվել: Դեպքի վայրում որեւիցե փամփուշտ, նաեւ պարկուճ, նաեւ այլ տվյալներ, որոնք կվկայեն կրակոցի մասին, առկա չեն»,- ասաց Գաբրիելյանը:
Նշենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ՝ թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը: Կարեն Գաբրիելյանն ասաց, թե վիճաբանությանը մասնակցած անձանց տվյալները ճշտված են, բայց նախաքննության շահերից ելնելով չեն հայտնում, թե ովքեր են:
Շիրակի մարզի դատախազն ասաց, որ բերման ենթարկվածներ չկան: Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ եւ 316-րդ հոդվածների հատկանիշներով՝ խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրել:
Փայլակ Ֆահրադյան