Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունները կողմերի համար անակնկալ չեն լինի. ապրիլյան պատերազմից հետո երկու կողմերն էլ լավ պաշտպանված են, և ռազմական գործողությունների դեպքում այս անգամ ավելի մեծ էսկալացիա կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:
«2016 թվականը շատ վտանգավոր տարի էր: Իրավիճակի լարման հավանականություն դեռ կա, ամեն դեպքում այս տարին կարող է լինել ավելի վտանգավոր նոր սպառազինությունների գործադրման տեսանկյունից: Հետևաբար, մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,-ասաց Թոմաս դը Վաալը:
Նրա խոսքով, կարևոր է միջազգային դիվանագիտության բավարար չափով ներգրավվածություն: Թոմաս դը Վաալի կարծիքով, անհրաժեշտ է լուրջ դերակատար, ով հանձնառու կլինի այս աշխատանքի իրականացման համար: Նա ընդգծում է, որ այսօր հիմնական խնդիրը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի ամրապնդումն է:
«Պետք է սկսել վերանայել ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունները, եթե չենք ցանկանում, որ հակամարտությունը վերսկսվի: Միայն Ռուսաստանը չէ, որ պետք է խնդիրը լուծի, եռակողմ ձևաչափը շատ կարևոր է ԱՄՆի, Ֆրանսիայի համար: Սա մի հնարավորություն է, որ Մոսկվան և Վաշինգտոնը արդյունավետ համագործակցեն»,-ասաց նա:
Թոմ դը Վաալը նշեց, որ Ադրբեջանը բաց չէ հրապարակային տեսակետներ ներկայացնելու տեսանկյունից: Հիմնականում տեսանելի են պաշտոնական կարծիքները: Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանում մարդիկ իրենց տներում, բարեկամական միջավայրում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում իրենց որդիները սպանվեն:
«Հասարակությունը պետք է հասկանա, որ քաղաքական բանակցությունը լավագույն գործիքն է հակամարտությունը կարգավորելու ճանապարհին: Ակնհայտ է, որ Ղարաբաղն ի վերջո ինչոր կարգավիճակ ունենալու է: Երբ ես խոսում եմ ինքնիշխանության մասին, ես նկատի ունեմ անկախություն կամ համադաշնության կարգավիճակ, Ադրբեջանի հետ միասին: Բայց ես չեմ խոսում Ադրբեջանի կազմի մասին, չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է: Չեմ կարծում դա տեղի կունենա, թույլ տվեք հստակ դա նշել»,-ասաց նա:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:
Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:
ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած ՍարգսյանԱլիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին: