տուն Լուրեր Պետք է շարունակել ավելացնել համախառն միջազգային պահուստները

Պետք է շարունակել ավելացնել համախառն միջազգային պահուստները

138
0

b1620dbe1f3c

ՀՀ համախառն միջազգային պահուստները 2016 թ.-ի հունվար ամսվա դրությամբ կազմել են 1մլրդ. 740 մլն. դոլար: Թեև դեկտեմբեր ամսվա համեմատ միջազգային պահուստները նվազել են մոտ 1,75%-ով կամ 31 մլն. դոլարով, սակայն նախորդ տարվա հունվար ամսվա նկատմամբ աճել են 28,7 տոկոսով կամ 389,1 մլն. դոլարով: Պահուստների 99,9 տոկոսը կամ 1 մլրդ. 738 մլն. դոլարը փոխարկելի արտարժույթով ակտիվներն են, որոնց զգալի մասը արժեթղթեր են, իսկ մնացած մասը կանխիկ արտարժույթը ու ավանդները: Հիշեցնենք, որ Հայաստանի համախառն միջազգային պահուստների կառուցվածքում բանկային ոսկու մասնաբաժինը զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին, զրոյական է նաև պահուստային դիրքը ԱՄՀ-ում, իսկ մնացած ցածր մանսաբաժինը՝ 1,7 մլն դոլարը  բաժին է ընկնում ՀՓԻ-SDR-ին (Հատուկ փոխառության իրավունքին) ԱՄՀ-ում:

Եվ այսպիսով, 2015թ.-ի ընթացքում, համախառն միջազգային պահուստները 420,1 մլն դոլարով աճ են գրանցել, ամենաբարձր ցուցանիշի հասնելով դեկտեմբեր ամսին, կազմելով 1 մլրդ. 771,2 մլն. դոլար, հունվարի 1 մլրդ. 351,1 մլն. դոլարի համեմատ: Հիշեցնենք, որ համախառն միջազգային պահուստները սկսեցին անկում գրանցել դեռևս 2014 թ.-ի օգոստոսից, որը շարունակվեց մինչև 2015 թ.-ի մարտը, որից հետո սկսեց պահուստների ծավալը աստիճանաբար վերականգնվել: 2014 թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին էլ տեղի ունեցավ դրամի կտրուկ արժեզրկումը, որտեղ ԿԲ-ն դժվարությամբ կարողացավ կայունություն ապահովել ֆինանսական  շուկայում, այդ թվում նաև արտարժութային պահուստներից ինտերվենցիաների միջոցով:

2015 թ.-ին պահուստներին ամենամեծ ծավալով արտարժույթի աճ տեղի է գրանցվել մայիս ամսին՝ 100 մլն. դոլարով, հուլիսին՝ 150 մլն. դոլարով և դեկտեմբերին՝ 221,5 մլն դոլարով: Իսկ հունվար և փետրվարը ամիսներին նկատվել է արտարժույթի պահուստների նվազում, հենց այդ ընթացքում դեռևս շարունակվում էր ճնշումը ազգային արժույթի վրա, որը սկիզբ էր առել նախորդ տարվա վերջին ամիսներին: Հետագայում, ներմուծման ծավալների 26,5 տոկոս անկման պայմաններում՝ արտարժույթի նկատմամբ պահանջարկը համեմատաբար թուլացավ, որը հնարավորություն տվեց Կառավարությանը և ԿԲ-ին ամբողջ տարվա ընթացքում ավելացնել արտարժութային պահուստները: Այնումենայնիվ, ամբողջ տարվա ընթացքում նկատվել է արտարժույթի նկատմամբ պահանջարկ, որի մասին հուշում է փոխարժեքի փոքր չափով բարձրացումը տարվա ընթացքում: ՀՀ արտաքին պարտքի սպասարկման մեծ ծավալները իր հերթին բերում  էին արտարժույթի որոշակի պահանջարկի, որը նույնպես մեծ  ազդեցություն ուներ համախառն միջազգային պահուստների վրա։

Ներկա պայմաններում, շատ կարևոր և օրակարգային խնդիր է ընդլայնել և մեծացնել արտարժույթի ներհոսքը դեպի Հայաստան: Արտարժույթային պահուստների ներկա մակարդակի ոչ միայն պահպանումը, այլ ընդլայնումը, թեկուզև ազգային արժույթի փոխարժեքի արժեզրկման և տնտեսության մեջ դրամական զանգվածի ավելացման հաշվին ավելի ճիշտ լուծում կլիներ: Մեր երկրի համար միջազգային պահուստների ռազմավարական նշանակությունը այսուհետ ավելի է կարևորվելու: Առաջարկում եմ ավելացնել հատկապես ոսկու պահուստները, տեղական շուկայում արտադրվող ոսկու մի մասը գնելով ԿԲ-ի կողմից դրամով և դրանով շուկայում ավելացնել դրամական զանգվածը, որի արդյունքում միաժամանակ կխթանվի տնտեսական ակտիվությունը:

Ս. Մանուկյան