տուն Լուրեր Լրագրող Անի Գեւորգյանի գործով ծառայողական քննությունն ավարտվել է

Լրագրող Անի Գեւորգյանի գործով ծառայողական քննությունն ավարտվել է

19
0

Ani_Gevorgyan«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում ընթացող  ծառայողական քննությունը 1.5 տարի անց ավարտվել է: Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպք չի հաստատվել, ոստիկանների կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու հանգամանքները չեն հիմնավորվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի փետրվարի 12-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ երիտասարդների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ:

Համացանցում հայտնվել էր նաեւ տեսանյութ, որտեղ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: Լրագրողի խոսքով, ոստիկանները բաժնում խլել էին իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել էր իրեն: Դեպքի առթիվ ՀՔԾ-ում  ՀՀ ՔՕ 164-րդ եւ 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: