Այսօր «Մեդիա կենտրոնի» սրահում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի ասուլիսը՝ «Հանրային վերահսկողության դերը իրավապահ մարմինների նկատմամբ» թեմայով:
Ասուլիսին մասնակցեցին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հկ նախագահ Արման Դանիելյանը,
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը:
Մերուժան Հակոբյանը ներկայացրեց կարգապահական հանձնաժողովի գործունեության հիմնական բնույթը.
«Կարգապահական հանձնաժողովի խնդիրն է ոստիկանության ծառայողների՝ ծառայության ժամանակ թույլ տված խախտումների բացահայտումը: Վերջիվերջո ծառայողական քննության արդյունքում է առաջ գալիս ծառայողի կատարած արարքի գնահատականը: Հավաքների ժամանակ գրեթե բոլոր դեպքերում քննչական ծառայությունում հարուցված են եղել գործեր, հստակ պատասխանը տրվել է Հատուկ Քննչականի կողմից: Վերջին անգամ Սարյան փողոցի վրա էլեկտրաէներգիայի դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ ծառայություն կատարած ոստիկանների հարցով է եղել դիմումը, դեռևս քննություն է ընթանում»:
Արման Դանիելյանը խոսեց հարցի շուրջ միջազգային փորձի մասին.
«Միջազգային փորձը խոսում է անկախ հանձնաժողովների օգտին, երբ անկախ հանձնաժողովները հետևում են ծառայողական քննությունների ընթացքներին: Այդ հանձնաժողովը գրեթե չի աշխատում: Ոստիկանների հանդեպ ծառայողական քննությունները պատշաճ չեն կատարվում»,- դժգոհեց Դանիելյանը: