Որքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս Հայաստանում էապես բարձր է, ինչի հետեւանքով տուժում է տնտեսությունը, այնուհանդերձ Կենտրոնական բանկը առայժմ մտադիր չէ այն վերանայել։ Անցած օրը կայացած խորհրդի նիստում հերթական անգամ որոշվեց այն թողնել անփոփոխ։ Ինչպես հայտնի է, սա այն հիմնական գործիքներից մեկն է, որով Կենտրոնական դրամատունը, թանկացնելով տնտեսության մեջ մտնող փողը՝ փորձում է ազդել գնաճի միտումների վրա։
Նախորդ բարձրացումներից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում հաստատվել է 10,5-ի սահմանում, ինչը 3,75 տոկոսով ավել է անցած տարվա վերջի համեմատ։ Չնայած, թվում է, թե այն վերանայելու եւ նվազեցնելու համար գնաճային պայմանները վերջին ամիսներին բավական բարենպաստ են, այնուհանդերձ արդեն երրորդ անգամ Կենտրոնական բանկը որոշում է այն թողնել անփոփոխ։ Եթե նախկինում մտահոգությունները կապված էին հիմնականում ֆինանսական շուկայի դրսեւորումների, ապա այս անգամ գերազանցապես հանրային ծառայությունների ոլորտում սպասվող սակագների հնարավոր փոփոխությունների հետ։ Ավելին, ենթադրվում է, որ դա ամբողջությամբ կչեզոքացնի արտաքին եւ ներքին միջավայրից սպասվող գնանկումային դրսեւորումները։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնելով անփոփոխ՝ Կենտրոնական բանկը փորձում է ապահովագրել իրեն գնաճային լրացուցիչ ճնշումներից։ Ակնկալվում է, որ դա թույլ կտա մինչեւ տարեվերջ տասներկուամսյա գնաճը պահել նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթում։
Փոխարենը Կենտրոնական բանկը կարծես դադարել է քայլեր ձեռնարկել սեփական ֆինանսական գործիքները կիրառելու միջոցով տնտեսական գործընթացներն ակտիվացնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնի է, տնտեսական ակտիվությունը շատ բանով տուժել է նաեւ նախկինում այս կառույցի կողմից ձեռնարկված գործողությունների հետեւանքով։ Այնպիսի տպավորություն է, որ տարեսկզբին իրականացված որոշ մեղմացուցիչ քայլերը ԿԲ-ն բավարար է համարում տնտեսական իրավիճակը բարելավելու համար։
Խոսքը վերաբերում է առաջին հերթին կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, ինչպես նաեւ բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմի սահմանմանը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման փոխարեն, վերջին գործոնը Կենտրոնական բանկի խորհուրդը համարում է դրամավարկային պայմանների թուլացում, ինչը պետք է նպաստի տնտեսական ակտիվության աճին։ Այլ հարց, այն բավարա՞ր է, թե՞ ոչ։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ