տուն Քաղաքական Վերլուծական Ինչ հեռանկարներ են բացվում հայ-իրանական համագործակցության համար

Ինչ հեռանկարներ են բացվում հայ-իրանական համագործակցության համար

132
0

arm143619622032
Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը նոր հեռանկարներ է խոստանում Հայաստանի տնտեսության համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն արդեն մեկնարկած ծրագրերին, այլեւ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնք բավական լուրջ պոտենցյալ են պարունակում։
Հայաստանը այն քիչ երկրներից է, որն Իրանի հետ տնտեսական լավ հարաբերությունները պահպանեց նաեւ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակահատվածում։ Թեեւ տնտեսական ու ֆինանսական սահմանափակումներն ուղղակի ազդեցությունն ունեցան գործակցության ծրագրերի իրականացման ընթացքի վրա, այնուհանդերձ դրանք շարունակեցին մնալ երկու երկրների օրակարգում։ Այժմ, երբ այլեւս կարծես վերացել են դրանց իրականացման ճանապարհին ի հայտ եկած դժվարությունները, ակնկալվում է, որ նախանշված ծրագրերը կսկսվեն արագորեն կյանքի կոչվել։
Հայ-իրանական տնտեսական նախաձեռնությունները, որոնք տարիներ առաջ մեկնարկել են, սակայն ֆինանսական խնդիրներով պայմանավորված դանդաղ են տեղից շարժվում՝ վերաբերում է Մեղրի հէկի շինարարությանը եւ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը։ Արեւմտյան բանկերում պահվող իրանական կապիտալի ապասառեցումից հետո սպասվում է, որ այս ծրագրերի ֆինանսավորումը շատ չի ուշանա։ Հատկապես որ, ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը շահագրգռված են դրանց հնարավորինս արագ իրականացմամբ։
Սակայն երկու երկրների տնտեսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն արդեն սկսված ծրագրերով։ Կան մի շարք նախաձեռնություններ, որոնց իրականացման համար պայմանները գնալով ավելի ու ավելի նպաստավոր են դառնում։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։ Թեեւ Հայաստանն այդ ծրագիրը դիտարկում է «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» եւ եվրասիական տարածաշրջանի ինտեգրացման գործընթացներում, այնուհանդերձ, միանշանակ է, որ նախաձեռնության հաջողությունը շատ բանով կապված էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած խնդիրների հաղթահարման հետ։ Այժմ, երբ դրանք հաղթահարված են, երկաթուղու կառուցման հեռանկարներն ավելի առարկայական են դառնում։
Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացումը հայ-իրանական հարաբերություններում կարող է վճռորոշ լինել հատկապես արտաքին շուկաներ մուտքի հնարավորությունների ընձեռնման ճանապարհին։ Իրանը վերստին հնարավորություն է ստացել իր էներգետիկ մեծ պաշարները առաջարկել միջազգային հանրությանը։ Դրա համար, այլ ուղղություններից զատ, որպես տարանցիկ երկիր դիտարկվում է նաեւ Հայաստանը։
Հայաստանը կարեւոր օղակ է դառնում նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ տնտեսական հարաբերությունների հաստատման եւ խորացման ճանապարհին։ Ինչպես հայտնի է, կողմերը վաղուց բանկացում են ազատ տնտեսական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
Հայաստանը կարող է ներդրումային լավ հարթակ դառնալ իրանական գործարարների համար՝ պարզեցված ռեժիմներով ուղղակիորեն ԵԱՏՄ շուկա մտնելու համար։
Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո գործակցության հեռանկարներն այս երկրի հետ բավականաչափ շատ են։ Այն կարող է արտահայտվել նաեւ իրանական շուկայում հայկական ապրանքների իրացման համար նոր հնարավորությունների ձեռքբերման տեսքով։ Մինչ այժմ դա այնքան էլ հեշտ չէր՝ շուկայի փակ լինելու պատճառով։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ