տուն Լուրեր ՀՆԱ-ում շուրջ 1 տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու. Արամյան

ՀՆԱ-ում շուրջ 1 տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու. Արամյան

72
0

9(4)

Պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է 1  տոկոսային կետով։ Այս մասին, Հանքավանում  տնտեսական ոլորտի լրագրողների համար մեկնարկած սեմինարի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«ՀՆԱ-ում շուրջ մեկ  տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիմնված են նաեւ փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, մեկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- ասաց նախարարը:

Աշխարհի տնտեսությունները ճգնաժամին արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում ճգնաժամից հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանըն էլ նշեց, որ  հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլային, մինչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ընդ որում, ճգնաժամից հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի եւ կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը, ըստ Հայրապետյանի, սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է մեծ  լինեն պետական բյուջեի պակասուրդից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ  իր խոսքում նշեց, որ նախագծով նախատեսվում է խիստ ցնցումների դեպքում, երբ հնարավոր չէ բյուջեի կառուցվածքով խնդիրը լուծել, դիմել ԱԺ-ին, ներկայացնել հաշվետվություն այն մասին, որ վատ վիճակում են, անհրաժեշտ է ներգրավել նոր պարտք, որը կարող է գերազանցել 60 տոկոսանոց շեմը. «Մենք պետք է հիմնավորենք, որ տնտեսական ճնշումը, ցնցումն այնքան մեծ է, որ պետք է գնան օրենսդրական փոփոխությունների եւ գերազանցեն պետական պարտքի առավելագույն շեմը: Դրա հետ մեկտեղ ներկայացնելու ենք նաեւ այն մեխանիզմները, թե ինչպես ենք հետ գալու նախատեսված շեմին: Եթե մենք չկարողանանք դա անել, ապա մեր դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ` ընդհուպ մինչեւ Կառավարության հրաժարականը»: