տուն Լուրեր Դրամաշնորհային մշակութային ծրագրերի 3-րդ մրցութաշրջան. ԿԳՄՍՆ

Դրամաշնորհային մշակութային ծրագրերի 3-րդ մրցութաշրջան. ԿԳՄՍՆ

172
0

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)
◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)
◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Գրական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)
◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ:

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

◆Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրի և գրահրատարակչության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանն ուղղված նորարական և հեռանկարային նախագծեր:

◆ Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի* համապատասխան: *Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:

◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին։

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝
◆ Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),
◆ Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),
◆ Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
◆ Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,
◆Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ: