Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռեւս պաշտոնապես չի մեկնարկել: Մարտի 5-ից կտրվի քարոզարշավի մեկնարկը: Araratnews.am-ն արդեն հրապարակել էր, որ ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է «Դինամո» մարզադաշտից: Հայտնել էինք, որ այդ օրը մանկավարժական համալսարանի ուսանողներին հրահանգված է լինել մարզադաշտում: Երեկվանից մայրաքաղաքի կենտրոնական որոշ հատվածներում հայտնվեց ՀՀԿ-ի` «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով պաստառը` վարչապետ Կարեն Կարապետյանի լուսանկարով: Նկատենք, որ Կարապետյանը, ով ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է կուսակցությունում, ընդգրկված չէ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ն նրա լուսանկարը չի փակցրել: Նախկինում ՀՀԿ-ն ներկայանում էր Սերժ Սարգսյանի դեմքով:
2008 թվականին ՀՀԿ-ն «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսով էր մասնակցում ընտրություններին: Սարգսյանն ու իր թիմը խոստանում էին «Հայաստանում վերջնականապես հաղթահարել գործազրկությունն ու աղքատությունը, օր առաջ բարելավել մարդու կյանքը, իսկ երկիրը դարձնել ավելի անվտանգ»:
Հայաստանն առաջ չընթացավ, փոխարենը, պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրում աղքատությունը խորացավ, արտագաղթի տեմպերն արագացան: Նույն այդ ժամանակ էր, որ երկրում տնտեսական անկում գրանցվեց, բայց Սերժ եւ Տիգրան Սարգսյանները փորձում էին հակառակը պնդել: Սարգսյան Տիգրանը, ով «Առա՛ջ Հայաստանի» տարիներին զբաղեցնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը, հայտարարում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարված է, այն գնացել է մեր երկրից:
Սարգսյանների` բաժակաճառի նմանվող կենացը հետագա տարիներին իրականություն չդարձավ, որոշեցին հաջորդ` 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Մարզից մարզ, գյուղից գյուղ երաժշտական խմբերով, կարկառուն ՀՀԿ-ականներով Սերժ Սարգսյանն ամբիոններից ելույթ էր ունենում, որ ժամանակն է հավատալու, որ փոխվի:
Սերժ Սարգսյանին ոչ ոք չհավատաց, որովհետեւ փոփոխությունների ունակ չէր քաղաքական այս թիմը: Հետո պատրաստվեցին 2013 թվականի նախագահական ընտրություններին` այս անգամ ընտրելով «Առաջ դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: Քանի որ 2008 թվականին Հայաստանն արդեն ըստ Սարգսյանի առաջ էր գնացել, մտածել էին, որ ժամանակն է ընթանալ դեպի ապահով Հայաստան:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցում է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: Տարբերությունը միայն այն է, որ, ըստ էության, Հայաստանի տարածքում կլինեն ոչ թե Սարգսյանի, այլ Կարապետյանի լայնաժպիտ նկարները:
Հայաստանի քաղաքացին դարձյալ կանգնած է ընտրության առաջ: Ընտրել ՀՀԿ-ի՞ն, թե՞ ընտրությունների միջոցով փոխել իշխանություններին` սա է օրվա հրամայականը: Ակնհայտ է մեկ բան. Սարգսյանն ու իր թիմը տապալել են բոլոր ծրագրերը, Հայաստանի քաղաքացուն ստիպել հավաքել ճամպրուկները: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրից անվերադարձ հեռացել է 350 հազար մարդ, աղքատ է երկրի բնակչության կեսը, ավելացել է արտաքին պարտքը: 2008 թվականին Սերժ Սարգսյանի աշխատավարձը 400 հազար դրամից դարձել է 1 միլիոն 320 հազար դրամ:
Հին ու նոր դեմքերով ՀՀԿ-ն դարձյալ վերարտադրվելու հայտ է ներկայացրել: Երկրի թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվելու համար ՀՀԿ-ականներն սկսել են նույն ձեռագրով: Ընտրակաշառքի բաժանման ահազանգեր, ընտրողների ցուցակագրում, վարչական լծակների կիրառում: Ընտրախախտումների նորացված մեխանիզմով, ԿԸՀ-ի Տիգրան Մուկուչյանով, Կարապետյանի բրենդային հագուստով լուսանկարներով Հայաստանի հանրապետական կուսակցությունը գնալու է ընտրություններին, համոզելով, որ երկիրը տանելու է առաջընթացի եւ անվտանգության ճանապարհով:
Փայլակ Ֆահրադյան