Խոցերի այս տեսակը զարգանում է ծանր, անկողնուն գամված հիվանդների մոտ: Դրան նպաստում է երկար ժամանակ պառկած դիրքն ու այնպիսի գործոններն, ինչպես, ասենք, թույլ իմունիտետն է: Հիմնականում պառկելախոցեր են առաջանում լուրջ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ, ասենք` ինսուլտի, կաթվածի ևն: Հասկանալի է, որ պառկելախոցերի առաջացմանը նպաստում են նաև մաշկի անոթների գործունության խաթարումները, ինչի հետևանքով խանգարվում է սնուցումը: Պառկելախոցերը հիմնականում առաջանում են հարկադիր դիրքի պատճառով, իրանի` ճնշման տակ հայտնված հատվածներում: Օրինակ` մեջքի վրա տևական դիրքի հետևանքով հնարավոր է, որ պառկելախոց գոյանա ծոծրակին, թիակների տակ, պոչուկին, գոտկատեղին, հետույքին, կրունկներին: Կողքի հարկադիր դիրքի հետևանքով խոցեր են գոյանում ուսերին, կոնքոսկրի ու ոտքերի կողային մակերեսին: Սկզբում մաշկն այդ հատվածներում կարմրում է ու այտուցվում, ապա բարակ թաղանթի տեսքով բացվում ու ավելի խոր շերտերն են բացվում, որոնք միշտ խոնավ են, իսկ երբեմն էլ վարդագույն հեղուկ է արտազատվում: Հիվանդի հարկադիր դիրքը հանգեցնում է վերքերի խորացման, ու, հասկանալի է,որ նման պայմաններում ակտիվորեն բազմանում են մանրէները: Դա է պատճառը, որ խորադիր խոցերի մակերևույթը թարախաշերտով է պատվում կամ էլ բաց գույնի թաղանթաշերտով: Հատկանշական է, որ հիմնականում դրանք ցավոտ չեն, հատկապես, եթե խորադիր են: Պառկելախոցերի առաջացմանը, թվարկված պատճառներից բացի, նպաստում են նաև անկողնու անհարթությունները, և անգամ սավանի ծալքերը: Բուժումը տքնաջան աշխատանք է:
Պետք է հետևել, որ.
-անկողինը բավական փափուկ լինի (եթե հիվանդությամբ պայմանավորված դա հակացուցված չէ, ինչպես ասենք` ողնաշարի վնասվածքի դեպքում է):
-անկողնային սպիտակեղենը պետք է չոր մաքուր լինի (պետք է փոխել ամեն օր կամ էլ առնավազն 2 օրը մեկ),
ծալքեր չպիտի ունենա ( սավանը պետք է լավ ձգել, ծայրերն էլ ամրացնել),
-կոնքի տակ կարելի է փչովի ռետինե հատուկ օղակներ դնել,
-հիվանդին օրվա ընթացքում պարզապես անհրաժեշտ է մի դիրքից մյուսը շրջել ու թողնել գոնե 2-3 ժամ,
-իրանի ճնշման տակ գտնվող հատվածները պետք է ժամանակ առ ժամանակ մերսել` արյան շրջանառությունը բարելավելու նպատակով,
-հիվանդին շրջելու հետ հարկ է ստուգել մաշկի վիճակն այն հատվածներում, որոնք հպված են եղել ու որոշ ժամանակ ցանկալի է բաց թողնել,
-հագուստն ու ծածկոցը չպետք է հիվանդին քրտնեցնեն,
— կանոնավոր կերպով բոլոր պրոցեդուրաները կատարել` համապատասխան նշանակումներով: