տուն Լուրեր Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը Հայաստանում

Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանի առաջին մենահամերգը Հայաստանում

49
0

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ սոպրանո ԼԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ առաջին մենահամերգը Հայաստանում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգը տեղի կունենա հունիսի 28-ին , ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության լայն երկացանկ:

35935186_1799759470086974_6623862176375373824_n

 

Ծնված և նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ: Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում: Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է. «…Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի…»:

Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագան և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: