ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի միջամտությամբ լուծվել են ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում ՄԻՊ կողմից արձանագրված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք հանգեցնում էին ազատազրկված անձանց որոշ իրավունքների շարունակական խախտման:
Ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրների մի մասն առնչվում էր տեսակցությունների տրամադրման ընթացակարգերին, ինչպես նաև տեսակցությունների համար նախատեսված սենյակների պայմաններին: Մասնավորապես, ՄԻՊ-ի միջամտությամբ հանվել է տեսակցության սենյակում առկա միջնապակին, որն արգելք էր հանդիսանում ազատազրկված անձանց և նրանց հարազատների միջև կենդանի շփման համար:
Բացի դրանից, քննչական մեկուսարանում բացակայում էր հեռախոսակապը, ինչի հետևանքով կալանավորված անձինք չէին կարողանում օգտվել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքից: Իսկ այժմ տեղում արդեն գործում է հեռախոսակապ քննչական մեկուսարանում պահվող անձանց համար: ՄԻՊ-ի կողմից արձանագրված և այնուհետև վերացված մյուս խնդիրը մի շարք խցերի լուսամուտներին երկաթյա շերտավարագույրների առկայությունն էր, որոնք խոչընդոտում էին բնական լույսի պատշաճ հասանելիությունն ազատազրկված անձանց համար: