Հոկտեմբերի 17-ին կայացավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 23 հարց է, որից 17-ը չզեկուցվող են:
Ի թիվս այլ հարցերի, գործադիրը քննարկեց 2019 թվականի պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին հարցը. Զեկուցող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջարկվող նախագծով գերատեսչությունը դիմում է կառավարությանը իր հարկային եկամուտներից 444 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը՝ շենք-շինությունների կապիտալ վերանորոգման նպատակով: Պահանջվող գումարից 140.6 միլիոն դրամը, ըստ Արայիկ Հարությունյանի, տրամադրվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին նախատեսվում է հատկացնել 156.7 մլն:
«Այս երկու ՊՈԱԿ-ներն ունեին սարքեր ու սարքավորումներ, որոնք չէին օգտագործվում շենքային վատ պայմանների պատճառով, և հիմա սրանով լուծում ենք այդ խնդիրը»,-ընդգծեց զեկուցող նախարարը և հավելեց, որ ևս 94.2 մլն դրամ կտրվի Բերդի պետական բազմագործառութային քոլեջին: Արայիկ Հարությունը տեղեկացրեց նաև, որ առաջարկվող փաթեթում է նաև Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց ՀՈԱԿ-ին 23.9 միլիոն դրամ հատկացնելու մասին դրույթը: Բացի այդ, առաջարկվում է 4.2 միլիոն դրամ տրամադրել Ազգային կինոկենտրոնին, և պահանջվող գումարի մյուս մասը՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցին:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց: