Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ը թուրքական զինուժից ազատագրել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս-ալ-Էյն սահմանամերձ առանցքային քաղաքը: Այդ մասին, վկայակոչելով տեղական հեռուստաընկերությանը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ քրդական զորամիավորումները հակամարտության գոտիներում անողոք մարտեր են մղում թուրքական բանակի և նրա դաշնակից ուժերի դեմ: Թուրքական ներխուժման դեմ հակամարտում է նաև Սիրիայի արաբական բանակը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, հայտնի էր դարձել, որ թուրքական զինուժն ու դաշնակից զորախմբերը ներխուժել են Ռաս-ալ-Էյն: Մինչ այդ, հաղորդվում էր, թուրքական հարձակումների հետևանքով ոչնչացվել է մոտ 400 «ահաբեկիչ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարել է հոկտեմբերի 9-ին՝ այդ որոշումը բացատրելով այսպես կոչված՝ ահաբեկիչների դեմ պայքարի անհրաժեշտությամբ, իրականում հակամարտելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետության» հետ: