տուն Քաղաքական Ցածրորակ պոպուլիզմը՝ ԱԺ-ում

Ցածրորակ պոպուլիզմը՝ ԱԺ-ում

198
0

janus

Գլխավոր դատախազի նշանակման հարցով ԱԺ փակ գաղտնի քվերակության արդյունքները դարձան հայաստանյան քաղաքական դաշտի յուրօրինակ ինդիկատոր: Քվեարկության արդյունքների պարզ դառնալուց հետո ամբողջ համացանցը հեղեղվեց ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով և արդարացումներով: Այն, ինչ կատարվեց երեկ, բնականաբար ավելի շատ վերաբերում է քաղաքական էթիկային և բարոյականությանը, իսկ ավելի ճիշտ դրանց բացակայությանը: Չնայած առկա վարչակարգի պայմաններում չեն բացառվում անգամ պատգամավորների քվեարկության կեղծումները, այնուամենայնիվ արձանագրելով փաստը, կարող ենք ասել, որ արմատական ընդդիմադիր հանդես եկող ուժերը կամ գործիչները ամպագոռգոռ հռետորաբանությամբ հայտարարում են մի բան և գործում տրամագծորեն հակառակ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է և՛ Ժառանգությանը, և՛ ՀԱԿ-ին, քանի որ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի պարագայում ամեն ինչ շատ պարզ է արդեն վաղուց, և իմաստ էլ չուներ անակնկալների սպասել:

Նմանօրինակ, թվում է թե սակավ կարևորության միջադեպերը հերթական անգամ հարվածում են ընդդիմության վարկանիշին, անկախ նրանից, թե ինչ կհայտարարեն կամ գրեն այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցներն ու ներկայացուցիչները` ժողովրդական առածով` «Զատիկից հետո կարմիր հավկիթ»: Մեծ հաշվով  կարծում ենք հանրության համար այնքան էլ էական չէ, թե կոնկրետ որ պատգամավորը ինչպես է քվեարկել, այլ ավելի կարևոր է այն փաստը,  որ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները  ոչ մի արժեք  չունեն իրենց անդամների համար,  կամ ցածրորակ պոպուլիզմ  են: Իհարկե, պոպուլիզիմի որոշակի քանակ մշտապես առկա է ցանկացած  իշխանության և առավել ևս ընդդիմության գործելաոճում, սակայն  վերոնշյալ պարագայում մենք գործ ունենք մի երևույթի հետ, որին բավական դժվար է որևէ անվանում տալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here