տուն Աշխարհ Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

288
0

2020 թվականի հուլիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է Ալիք Մեդիան։

Դավիթ Զալկալիանին շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նախարարները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև առկա բարեկամության և ռազմավարական գործընկերության խորացման համար:

Դավիթ Զալկալիանին հետաքրքրվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին սրացումով և գործընկերոջից տեղեկություններ ստացել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախարարը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:

Զալկալիանին հույս է հայտնել, որ միջազգային մեխանիզմների, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ներգրավմամբ, հնարավոր կլինի իրավիճակը մեղմել և վերադառնալ խաղաղ բանակցությունների գործընթացին: