Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել տրանսպորտային բեռնափոխադրումների ցուցանիշների մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցումՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանն անդրադարձել է ներմուծման և արտահանման բեռնամաքսային հայտարարագրերի և վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների տարբերության մասին հարցին:

Հարց. Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է, որ «ըստ ներմուծման և արտահանման բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, ունեցել ենք արտահանման 1.2 և ներմուծման 0.4 տոկոս անկում»: Խոսքը վերաբերում է 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշներին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է, որ արտահանումն աճել է 7.9, իսկ ներմուծումը 4.7 տոկոսով: Ինչպես կբացատրեք այդ տարբերությունները:Реклама 15

Ք.Պողոսյան. Նախ՝ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և էներգետիկ ոլորտի կազմակերպություններից ստացված տվյալների, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից արտահանումը (ՖՕԲ գներով) կազմել է 1909.2 մլն.ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 7.9 տոկոսով, իսկ ներմուծումը (ՍԻՖ գներով) կազմել է 3730.4 մլն. ԱՄՆ դոլար և աճը կազմել է 4.7 տոկոս: Արտաքին առևտրում աճի տեմպերը հաշվարկվում են արժեքային արտահայտությամբ՝ ԱՄՆ դոլարով: Եթե խոսքը վերաբերում է արտահանված և ներմուծված բեռների քաշին, ապա այդտեղ ևս արտահանման 1.2 և ներմուծման 0.4 տոկոս անկման ցուցանիշներ մեզ հայտնի չեն: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ վերոնշյալ տեղեկատվական աղբյուրների, արտահանված բեռների քաշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.6 տոկոսով, որում ներառված չէ արտահանված էլեկտրաէներգիան, քանզի վերջինիս բնամթերային ցուցանիշը տոննայով չի չափվում: Վերը հիշատակված ժամանակաշրջանում ներմուծված բեռների քաշը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանին 4.7 տոկոսով, առանց ներմուծված էլեկտրաէներգիայի:
Անկախ վերոհիշյալից հարկ է նշել, որ արտաքին առևտրում արտահանման և ներմուծման արժեքային և բեռների քաշի ցուցանիշների միջև կարող են լինել էական տարբերություններ, կախված տվյալ ժամանակահատվածում արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքում տեղ գտած փոփոխություններից, քանզի որոշ ապրանքատեսակներ, ունենալով ծանր քաշ, կարող են ավելի ցածր արժեք ունենալ և հակառակը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում