Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` Ուսումնական տարվա ավարտի կազմակերպումը և ընդունելության գործընթացը։
Բանախոսն ասաց, որ հեռավար ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը:
«Այժմ քննարկում ենք հաջորդ տարի սեպտեմբերից շաբաթ օրերի ուսումնական պրոցեսի անցկացումը: Կորոնավիրուսի տարածման տեմպերը ցույց կտան, թե ինչ որոշումներ կկայացնենք կրթական գործընթացի արդյունավետ անցկացման համար»,- ասաց փոխնախարարը:
«Որոշումները պետք է կայացնել բոլոր աշակերտների համար հավասար պայմաններից ելնելով: Քանի որ առկա ուսումնական տարվա գործընթացը եղել է մինչև մարտի 13-ը, ըստ այդ գնահատականի կփակվի տարին: Դպրոցներում ավարտական քննություններ չեն լինելու»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:
Բուհերի մասով փոխնախարարն ասաց.
«Բուհերի ավարտական ձևը կընտրեն բուհերը: Բուհերը պետք է պահպանեն անվտանգության կանոնները և քննություններն անցկացնեն առցանց: Բուհ ընդունվելու համար պետք է դիմորդները հանձնեն մեկ քննություն, որի մասին կանխավ կհայտարարվի: Հայտագրումը կլինի օնլայն: Հայտագրվող ուսանողը կընտրի բուհը, ֆակուլտետը: Բուհերի ընդունելության քննությունը կլինի հունիսի առաջին տասնօրյակին:
Քոլեջների ու ուսումնարանների ավարտական քննություններ չեն լինի: Առկա գնահատականներով կփակեն տարին: Դիպլոմներ կհանձնեն մինչև հունիսի 5-ը:
Մեդալի քննություն այս տարի չի լինի, այն կանցկացվի հաջորդ տարի: Վերջին զանգը կորոշվի համատեղ մի օր, երբ համավարակը խնդիր չի առաջացնի»,- ներածական խոսքում ասաց բանախոսը:
Հայկ Մագոյան