Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության Նաիրի քննչական բաժանմունքում կայացվել է որոշում՝ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Ինչպես հայտնի է, Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է «Սթրես» կենտրոն եւ բուժում է ստանում այնտեղ:
Դերասան Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ դերասանը հիմա գտնվում է հիվանդանոցում, հոգեմետ դեղերի ազդեցության տակ է, եւ ինքնազգացողությունը շարունակում է մնալ վատ: Չնայած այդ ամենին՝ Վ. Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում է: Նրա հիվանդասենյակի մուտքը արդեն 2 օր հսկում են ոստիկանները, և չի բացառվում, որ դերասանին վաղը կալանավորեն:
«Այդ 72 ժամ ասվածը վաղն է լրանում՝ ժամը 15-ին, չգիտեմ ինչ է լինելու՝ արդյո՞ք կալանավորելու են, ես միայն կարող եմ ասել, որ վիճակը վատ է»,-ցավով նշել է Աշխեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել դատախազին՝ պահանջելով փոխել ձերբակալման որոշումը: Վաղը արդեն պարզ կլինի՝ կամ կփոխեն ձերբակալման որոշումը, կամ դերասանին կկալանավորեն:
Էմմա Պալյան