Գինեկոլոգ Լիլիթ Գուջոյանը դրական տեղաշարժեր է տեսնում սեռական առողջության հարցում:
«Մանավանդ, երբ դիմում են երիտասարդ զույգեր: Նրանք բավական տեղեկացված են, իրենք են հարցնում, թե, օրինակ, որ դեպքում ինչպես է պետք պաշտպանվել: Իհարկե, ինտերնետում շատ աղբ կա, ու ցանկացած ինֆորմացիա ստանալիս պետք է վերջնական արդյունքում զրուցել բժշկի հետ»,- ասում է նա:
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը առաջին հերթին խորհուրդ է տալիս, առողջության մասին ցանկացած ինֆորմացիա կարդալիս, ուշադրություն դարձնել այն բանին, թե ով է հեղինակը:
«Քիչ չեն ամուսնալուծությունները ընտանեկան սեռական աններդաշնակությունների հիման վրա,- ասում է նա,- Այստեղ շատ կարևոր է զույգի մոտեցումը, նրանք երկուսով պետք է ըմբռնումով մոտենան: Մենք ունեցել ենք զույգեր, որոնք դիմելով բախտագուշակների, հեքիմների` իրենց խնդիրը լուծելու նպատակով, ի վերջո ամուսնալուծվել են: Ժամանակի ընթացքում, երբ զույգը չի հարմարվում, սկզբում հոգեբանական հիմքերով, հետո սկսում են խուսափել սեռական կյանքից: Նույն անպտղությունը հաճախ կապում են կնոջ հետ, սակայն վերջում պարզվում է, որ խնդիրը տղամարդու մոտ է»,- ասում է սեքսոպաթոլոգը: