ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները երեկվանից փնտրում են Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալից փախած 4 զինծառայողների ծնողներին ու հարազատներին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, հասկանալի է, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հանկարծ տեղեկության արտահոսք տեղի չունենա:Այս մասին իրավապաշտպանը ասել է Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում:«ՊՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի միջադեպի վերաբերյալ տեղեկությունը վերահսկվի եւ արտահոսք չլինի, այդ թվում շատ տրամաբանական է, որ դրա համար բավարար լծակներ ունեն առնվազն ծնողներին հասկացնելու, որ եթե որեւէ տեղեկություն դուրս գա, ապա շրջանակը շատ սեղմ է, եւ կարող են երեխաների համար խնդիրներ առաջանալ»,-նշել է նա: Իրավապաշտպանի կարծիքով կասկածելի է նաեւ դեպքից ժամեր անց տարածված այն տեղեկությունը, որ փախած զինծառայողները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն:
«Դեպքից շատ ուշ տարածվեց այդ տեղեկությունը: Մեկ ժամը լրիվ բավարար էր պարզելու համար, թե որ բաժանմունքի որ հիվանդներն են եւ ինչ է եղել: Չէ՞ որ կա հստակ գրանցամատյան ըստ բաժինների: Դժվար չէր անվանականչ անել եւ ասել։ Իսկ երբ որ դեպքից անցնում է ահագին ժամանակ, եւ երեքին գտնում են դրսում՝ ապա նոր հայտարարվում է, որ նրանք հոգեբուժարանի բաժնում գտնվող զինծառայողներ են: Եւ ասեմ նաեւ, որ դա առավել վատ է, որ հոգեբուժարանի հիվանդներ են եղել, որովհետեւ դուրս է գալիս, որ ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանումը այնպիսի գործողություն է կատարել հոգեբուժական բաժնում, որ որպես ելք, որպես փրկության միակ տարբերակ, զինծառայողները ընտրել են դուրս փախչելը այն գնահատմամբ, որ «սպանում են, փրկե՜ք»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, Ռազմական ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու հարցի պարզաբանում տալ:
«Նշվում է, որ Ռազմական ոստիկանությունը մինչեւ տղաների փախչելը այնտեղ է եղել, այնտեղ եղել է հատուկ ստորաբաժանում, ինչո՞ւ, հատուկ ստորաբաժանումը գնացել էր, որ ի՞նչ աներ։ Քանի որ սովորական ծեծկռտուքի ժամանակ ՌՈ հատուկ ստորաբաժանում չի գնում, նշանակում է լուրջ միջադեպ է եղել, հարց է ծագում` ինչ կարգի միջադեպ էր, որ ստիպված է եղել ՌՈ հատուկ ստորաբաժանում գնալ այնտեղ ու խնդիրներ լուծել:
Եւ ապա երկրորդ՝ ի՞նչ են արել, ի՞նչ գործողություններ են կատարել նրանք այնտեղ. շատ կարեւոր է այն հանգամանքը, թե ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ինչ քայլեր, ինչ գործողություններ են արել, որին հաջորդել է տղաների փախուստը: Սա նշանակում է այնտեղ ճակատամարտ է եղել»,-նշել է Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով կարեւոր է նաև, թե ովքեր են այդ զինծառայողները, ինչպես են նրանց մոտ առաջացել հոգեկան առողջության խնդիրներ, և ինչու են նրանց տեղավորել հոգեբուժական բաժին:«Եթե նրանք բանակում են, ոնց են հայտնվել հոգեբուժական բաժնում, առողջական խնդիրներ ունեցել են մինչեւ զորակոչվելը, թե՞ զինծառայության ընթացքում, կամ եղե՞լ եմ մտահոգություններ, երբ նրանք մինչեւ զորակոչվելը գտնվել են բժշկական փորձաքննության մեջ: Սա արդեն առանձին ուսումնասիրության հարց է, թե ինչպես եւ երբ են առաջացել հոգեկան առողջության խնդիրները»,-եզրափակել է Սաքունցը:
Էմմա Պալյան