տուն Քաղաքական Վերլուծական Ռուսաստանը Եվրոպա չէ

Ռուսաստանը Եվրոպա չէ

354
0

zverrus

Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ՝ ակամայից, բավական ուշագրավ հայտարարություն է արել. «Իսկ ով ասաց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ»,- ապա նախարարը հիշեցրել է աշխարհագրության դասագիրքն ու Եվրոպան Ասիայից բաժանող աշխարհագրական միավորները: Մի կողմ թողնելով Սփյուռքի նախարարի գիտելիքները ֆիզիկական աշխարհագրության բնագավառում՝ անդրադառնանք նրա ձևակերպմանը: Ինչ խոսք, քարտեզի վրա Ռուսաստանի մի հատվածը Եվրոպա է, սակայն  արդի պայմաններում հարկ է ճշտել, թե ինչ ենք մենք հասկանում կամ ինչ նկատի ունենք Եվրոպա կամ Ասիա ասելով: Հենց այստեղից էլ արդեն պարզ կդառնա, թե ինչ է նշանակում  ինտեգրացիան  Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը:

Բանն այն է, որ Եվրոպան արդեն, բացի աշխարհագրական միավոր լինելուց, ունի նաև բազմապիսի այլ ընկալումներ: Այս տեսանկյունից Եվրաինտեգրումն իրենից ներկայացնում է շարժում դեպի կոնկրետ արժեքներ և արժեքային համակարգ, որոնց հիմքն, իհարկե, եվրոպական քաղաքակրթությունն է` սկսած հին հունական կլասիցիզմից վերջացրած ներկայումս կատարվող իրադարձություններով: Այս տեսանկյունից թե ինչքանով է Ռուսաստանը Եվրոպա՝ բավական բարդ հարց է, որի վերաբերյալ առկա են շատ տարբեր գիտական և քաղաքակրթական մոտեցումներ: Ռուսաստանում և Եվրասիական միության մյուս երկրներում արտաքուստ շրջանառվում են այնպիսի սկզբունքներ և գաղափարներ, որոնք կարծես թե ոչնչով չեն հակասում եվրոպական արժեքներին: Սակայն խնդիրն այստեղ շատ ավելի բազմաշերտ է: Հստակեցնենք մեկ կարևոր փաստ` անհնար է խոսել Եվրոպական քաղաքակրթության ու արժեհամակարգի մասին` լիովին զատելով այն ասիականից և բնականաբար՝ հակառակը: Այս առումով ցանկացած հակադրություն եվրոպականի և ասիական միջև արհեստական է և անհիմն:

Սակայն, մյուս կողմից, կա բավական պարզորոշ սահմանազատում եվրոպական և տվյալ դեպքում ռուսական քաղաքակրթությունների միջև: Ռուսաստանի պարագայում վերջնականորեն շեշտել որևէ քաղաքակրթական պատկանելություն նպատակահարմար չէ, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այս առումով տեսակետները բազմազան են մինչև անգամ հակասող, սակայն հետազոտողների բավական ստվար մի հատված շեշտում է, որ ռուսական քաղաքակրթության ձևավորման մեջ չափազանց մեծ է մոնղոլական ասպեկտը: Հենց այստեղից են գալիս ռուսական ցարիզմի, միապետության, քաղաքական համակարգի ուղղաձիգ  բուրգաձև կառույցը և ավտորիտարիզմի հստակ երևացող տարրերը: Այլ կերպ ասած՝ գործում է «առանց ցարի՝ չկա Ռուսաստան» կանոնը, և այստեղ արդեն էական չէ՝ ցարի դերում հանդես է գալիս կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարը, թե  պրեզիդենտը: Բնականաբար, այստեղ արդեն որոշակիորեն առաջ են գալիս հակասությունները եվրոպական արժեքների հետ:

Ներկայիս եվրոպական քաղաքակրթության հիմնարար սկզբունքները առնչվում են մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության հետ: Այս իրողությունները հայտարարությունների մակարդակով դրված են նաև Ռուսաստանի և թերևս աշխարհի քաղաքական քարտեզի վրա առկա գրեթե բոլոր պետությունների քաղաքական համակարգի հիմքում: Հարցն այն է, սակայն , թե այս կամ այն քաղաքակրթական հանրույթում ինչպես են ընկալվում մարդու իրավունքները կամ ժողովրդավարությունը: Այս տեսանկյունից նկատի ունենալով այն, ինչն անզեն աչքին էլ պարզ է՝ թե ինչ է կատարվում Ռուսաստանում, և ինչպիսի քաղաքական համակարգ ու արժեքներ են իրականում դրված ներկայումս կերտվող ռուսական իրականության հիմքում, կարելի է հակադարձել նախարարին, որ Ռուսաստանը Եվրոպա չէ կամ դեռ չի դարձել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here