Ինչպես արդեն հայտնի է, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը տրանսպորտի փոխադրավարձի թանկացման հարցը քննարկելու աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել էր Ararat մեդիա գրուպի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանին, դերասան Հայկ Մարությանին և հեռուսամեկնաբան Պետրոս Ղազարյանին: Այս կապակցությամբ Araratnews-ը զրուցել է Պետրոս Ղազարյանի հետ:
Հեռուսատամեկնաբանը մեզ հայտնեց, որ նման հրավեր չի ստացել: «Ճիշտն ասած՝ ես նման հրավեր չեմ ստացել, բայց ես շատ շահագրգռված եմ, որպեսզի նման քննարկում լինի, և իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ, որ մենք հինգշաբթի օրը բաց քննարկում ենք անելու, ինձ թվում է՝ դա պետք է բաց լինի, պետք է այդ պատերից դուրս լինի:
Ես այսօր զանգել եմ մի քանի հանձնաժողովականների, հրավիրել եմ քննարկման. նրանք մերժել են։ Եվ հիմա, օգտվելով ձեր հարցից, հրավիրում եմ և փոխքաղաքապետին, և այդ հանձնաժողովի անդամներին, և բոլոր նրանց , ովքեր շահագրգռված են՝ գան, եթերում բաց արգումենտներով քննարկենք, վերջիվերջո, դատավորը հանրությունն է»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե ովքեր են հրաժարվել, Պետրոս Ղազարյանը պատասխանեց, որ չի ուզում ասել, քանի որ իրեն խնդրել են, և ավելին՝ նշել են, որ թանկացման հարց չեն քննարկում, որ լրատվամիջոցները չափազանցնում են:
«Գուցե մեր պաշտոնյաները, հանձնաժողովի անդամները ունեն այնպիսի արգումենտներ, որոնք կհամոզեն հանրությանը, որ թանկանալն օբյեկտիվ է, ավելի լավ, նրանք պետք է շահագրգռված լինեն գալ և խոսել: Երբ որ անընդհատ լուրեր են տարածվում, որ պետք է թանկանա, բայց ոչ մի պաշտոնյա չի բարձրաձայնում այդ հիմնավորումները, սա կասկածելի է: Համաձայնեք, այսօր քաղաքապետարանը և այդ հանձնաժողովը պետք է թիվ մեկ շահագրգիռը լինեն, որպեսզի հանրությանը տեղեկացնեն: Մենք էլ, ելնելով այդ տրամաբանությունից, ցանկանալով օգնել նրանց , հրավիրում ենք բաց քննարկման բոլոր կողմերին, հինգշաբթի ժամը երեք անց կեսին մենք մեր եթերում քննարկում ենք անելու, թող գան քննարկեն։ Ես իմ կողմից խոստանում եմ բաց հավասարահեռ եթեր առանց գրաքննության»:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է ներկա պահին գնահատում հանձնաժողովի աշխատանքները` Պետրոս Ղազարյանը նշեց. «Անկեղծ ասած, այդ հանձնաժողովի աշխատանքները չեմ կարող հիմա գնահատել, որովհետև այդ հանձնաժողովում, ասենք, երիտասարդական կազմակերպություններում ես տեսա հանրապետական կուսակցության տարբեր երիտասարդական բջիջների, հիմա եթե նրանք են երիտասարդությունը ներկայացնում, ավելացնելու բան չունեմ:
Երկրորդ` քաղաքապետարանը պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեր, որ այնտեղ այդ քննարկմանը լինեին բոլոր շահագրգիռ կողմերը. ավագանու ընդդիմադիր անդամները չկան այնտեղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամները նույնպես չկան, այսինքն՝ տպավորություն է, որ հանձնաժողովը ինքն իր հետ քննարկում է անում: Եթե այդ քննարկմանը մասնակից չեն հակառակ կողմի շահագրգիռ կողմերը, ապա ինչ քննարկման մասին կարող է խոսք լինել:
Օգտվելով առիթից էլ, ես տարբեր հարցադրումներ եմ ուղարկել քաղաքապետարանին, հիմա էլ ավելացնեմ ևս մեկը` ինչպես է ստացվում, որ Հայաստան ներկրվող պահեստամասերն ավելի թանկ են, չնայած նրան , որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, քան Վրաստանում, որը դեմ է Ռուսաստանին։ Դուք կարո՞ղ եք բացատրել. մենք մտնում ենք մի մաքսային գոտի, և մեզ մոտ Ռուսաստանից բերվող անվադողերը, ավտոպահեստամասերը ավելի թանկ են, քան մեր հարևան Վրաստանում, որը լրիվ այլ ինտեգրացիոն պրոցեսների մեջ է։ Ես այս հարցը ուղղում եմ համապատասխան պաշտոնյաներին, թող պատասխանեն։
Կամ, ասենք, կայանտեղիների առումով. ինչու պետք է դրանցից ստացվող շահույթի 70 տոկոսը , ինչ է ինքը ծառայություն է մատուցում , փող է հավաքում, աշխարհում նման բան գոյություն չունի, ինչու քաղաքապետարանը այդ փողերը չի պահում իրեն և փորձում սուբսիդավորել տրանսպորտը: Ասում են՝ պետք է ներդրումներ լինեն, ո՞ւր են ներդրումները: Ես հասկանում եմ բիզնեսը այսպես` պետք է ներդրումներ անել, հետո գինը թանկացնել, գինը թանկացնում են, հետո նոր ներդրումներ անում. դա չեղավ ներդրում»,-եզրափակեց Պետրոս Ղազարյանը:
Էմմա Պալյան