Այսօր կառավարության նիստին զուգահեռ շենքի դիմաց իրենց հերթական բողոքի ակցիա են կազմակերպել Բուզանդի և Հյուսիսիային պողոտայի բնակիչները: Ակցիայի մասնակիցներից մեկը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ տարիներ շարունակ իրենց խնդիրը լուծում չի ստանում և, որ իրենց խնդիրների առաջացման մեղավորները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Երվանդ Զախարյանն են. «Նրանք մեզ խոստում տվեցին, որ անտուն չենք մնա, բայց նրանք հիմա չկան, իսկ այս կառավարությունն ու վարչապետը որեւէ քայլ չի ցանկանում ձեռնարկել։ Մեզ վստահեցրին, որ կարճ ժամանակում բնակարաններ կունենանք, սակայն առ այսօր մենք բնակվում ենք վարձով բնակարաններում՝ մենք պահանջում ենք մեր տները, ընտրություններից առաջ խոստացան մեր խնդիրներին լուծում տալ,մինչդեռ արդեն անցել է բավականին ժամանակ, երբ մեզ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ո՞ւր է Սերժը, որ մեզ խոստացավ, թե բնակարաններ ենք ունենալու, իրեն ընդամենը մեր ձայնե՞րն էր պետք վերընտրվելու համար։ Հիմա ենք հասկանում, որ ինքը մեզ խոստումներ տալով՝ փորձում էր իր համար ցանկալի ձայների թվաքանակ ապահովեր, ուրիշ ոչինչ»,- դժգոհել են բնակիչները: Հիշեցնենք, որ տարիներ առաջ ակցիայի մասնակիցների բնակարանների տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ եւ օտարվել էր, ինչի արդյունքում բնակիչները հայտնվել են դրսում և հիմա պահանջում են իրենց հասանելիք բնակարանները:
Էմմա Պալյան